Ռուսական հեռուստաալիքներով Հայաստանի մասին ճանաչողական ֆիլմեր կցուցադրվեն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զբոսաշրջության պետական կոմիտեն Հայաստանի զբոսաշրջային արդյունքի ներկայացմանն ուղղված մի շարք միջոցառումներ է անցկացրել Ռուսաստանի Դաշնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը նշեց, որ աշխատանքները շարունակական կլինեն:
«2017 թվականին նախատեսված են մի շարք միջոցառումներ, որոնց թվում է ռուսական ճանապարհորդական գրքերում Հայաստանի մասին տեղեկատվություն տպագրելու նախագիծը»,-ասաց նա:
Զեյթունցյանի խոսքով` Ռուսաստանի այն քաղաքներում, որտեղ Հայաստանի հետ կան ուղիղ չվերթներ` Հայաստանի ճանաչելիության բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումներ կիրականացվեն:
«Մարտի 31-ին եւ ապրիլի 1-ին Մոսկվայում մենք ցուցահանդես անցկացրեցինք, որը կրում էր «Հայաստանն իմ 7-րդ զգայարան» խորագիրը: Երկօրյա այդ միջոցառմանը մասնակցեց ավելի քան 3000 մարդ»,- հավելեց նա: Զարմինե Զեյթունցյանը նշեց նաեւ, որ ռուսական մի քանի հեռուստաալիքներով Հայաստանի մասին կարճամետրաժ ճանաչողական ֆիլմեր կցուցադրվեն: