Հայաստանում բարձրորակ դեղագործական արտադրանք թողարկող գործարանի բացման նպատակով ներդրվել է 1.5 մլն դոլար
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ապրիլի 1-ին կբացվի «Թուֆենքչի գրուպ» գործարանը, որը կզբաղվի բարձրորակ դեղագործական արտադրանքի թողարկմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գործարանի բացմանը նախատեսվում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի ներկայությունը: «Թուֆենքչի գրուպ» ընկերության նպատակն է թողարկել բարձրորակ դեղագործական արտադրանք, մասնավորապես՝ ցավազրկողներ, հակահիպերտոնիկներ, սննդային հավելումներ, վիտամիններ, հակադիաբետիկ դեղեր և այլն։ Այս նպատակով արդեն իսկ իրականացվել է ավելի քան 1,5 մլն ԱՄՆ դոլարի ներդրում:
2017 թվականի ընթացքում «Թուֆենքչի» ընկերությունը նախատեսում է արտադրել 350-400 հազար ԱՄՆ դոլարի արտադրանք, ստեղծել 20-25 աշխատատեղ, իսկ հետագայում նախատեսվում է ընդլայնել արտադրությունը, ինչի արդյունքում կստեղծվի ևս 50-60 աշխատատեղ: Ընկերությունը նախատեսում է իր արտադրանքը արտահանել Սիրիա, Լիբանան, Հորդանան, Լիբիա, Ալժիր, Եմեն և այլ երկրներ: