Նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Արարատի մարզ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 28-ին աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը այցելել է Մասիս քաղաքի երիտասարդական կենտրոն: Նախագահը մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների, տեղի պատգամավորների, կենտրոնի կառուցման բարերարի և շահառուների հետ շրջայց է կատարել Երիտասարդական կենտրոնում: Սերժ Սարգսյանը ծանոթացել է կենտրոնի առաքելությանն ու գործունեության ուղղություններին, մասիսցի երիտասարդների համար ստեղծված պայմաններին: Պատասխանատուները նշել են, որ կենտրոնի գործունեությունը միտված է իրականացնելու երեխաների բազմակողմանի զարգացմանը, նրանց աշխարհայացքի ընդլայնմանը, տաղանդների բացահայտմանը, քաղաքացիական ակտիվության և կամավորության մշակույթի խթանմանն ուղղված ծրագրեր: Այն գործում է երեք հիմնական ուղղություններով՝ կրթական, կամավորական և սոցիալական ծրագրերի իրականացման: Նախագահին տեղեկացրել են, որ ներկայումս Երիտասարդական կենտրոն է հաճախում շուրջ 120 մասիսցի պատանի և երիտասարդ: Կենտրոնը հիմնվել է «Ադիբեկյան ընտանիք» զարգացման հիմնադրամ» մասնավոր բարեգործական կազմակերպության ստեղծած Մասիսի զարգացման հիմնադրամի կողմից:

Հանրապետության Նախագահը Մասիսում ներկա է գտնվել նաև քաղաքի ընտանեկան առաջին սպորտային համալիրի հիմնարկեքի արարողությանը:

Պատասխանատուների ներկայացմամբ, ծրագրի արժեքը շուրջ 2 մլն ԱՄՆ դոլար է: Սպորտային համալիրի կառուցման ծրագիրը կմեկնարկի 2017 թվականի ապրիլին և կավարտվի 2018 թվականի հունիսին: Նախագիծն իրականացվում է «Ադիբեկյան ընտանիք» զարգացման հիմնադրամ» մասնավոր բարեգործական կազմակերպության միջոցների հաշվին:

Սպորտային համալիրն ունենալու է մինի ֆուտբոլի և բասկետբոլի խաղահրապարակներ, մարզասարքերով բացօթյա տարածք, ինչպես նաև երեխաների համար նախատեսված խաղահրապարակ: Համալիրին հարող տարածքում նախատեսվում է հիմնել բնակիչների համար նախատեսված կանաչապատ պուրակ` հարմարավետ նստարաններով: Մարզահամալիրը հագեցած է հաշմանդամների համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով: Սպորտային համալիրը կդառնա առաջին ընտանեկան-հասարակական, սպորտային և ժամանցային կենտրոնը Մասիս քաղաքում: Այն նպատակաուղղված է քաղաքի հասարակական, մշակութային և տնտեսական կյանքի զարգացման գործին՝ համախմբելով քաղաքի բոլոր սերունդների ներկայացուցիչներին:

Սպորտային համալիրի հիմնարկեքի արարողության ժամանակ ընթերցվել է Մասիսի Երիտասարդական կենտրոնի՝ սերունդներին ուղղված ուղերձը, որը դրվել է պարկուճի մեջ: Այն Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը և 2002 թվականի ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Արամ Մարգարյանը տեղադրել են կառուցվող համալիրի հիմքում:

Հայերեն Русский

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը