Պաշտոնական

Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Նոր Զելանդիայի նորանշանակ դեսպանը

2 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Նոր Զելանդիայի նորանշանակ դեսպանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին մարտի 27-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նոր Զելանդիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Յան Ալեքսանդր Հիլը (նստավայրը՝ Մոսկվա): Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում՝ ընդգծելով, որ Հայաստանը կարևորում է խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում մեծ դերակատարում ունեցող Նոր Զելանդիայի հետ համակողմանի հարաբերությունների զարգացումը:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ հատկապես արդի տեխնոլոգիական պայմաններում արդյունավետ համագործակցության առկա ներուժը շատ ավելին է, քան երկու երկրների միջև հարաբերությունների ներկայիս մակարդակը:

Հանրապետության Նախագահը նշել է, որ այս տարի լրանում է Հայաստանի Հանրապետության և Նոր Զելանդիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, ինչը պարտավորեցնում է վերարժևորել հարաբերությունները և երկուստեք ջանքեր գործադրել դրանք որակական նոր մակարդակ տեղափոխելու համար:

Դեսպան Յան Ալեքսանդր Հիլը շնորհակալություն է հայտնել Նախագահին ընդունելության համար և նշել, որ կանի ամեն հնարավորը նպաստելու երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել տարբեր ոլորտներում հայ-զելանդական փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին ու հեռանկարին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում