3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շոտլանդիայի բնակչության մեծամասնությունը հանդես Է գալիս տարածաշրջանը Միացյալ Թագավորության կազմում պահպանելու օգտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Times թերթը, որը հրապարակել Է YouGov սոցիոլոգիական ծառայության հարցման արդյունքները:
Նրա տվյալներով՝ Շոտլանդիայի անկախության նոր հանրաքվեի անցկացման դեպքում ընտրողների 57 տոկոսը կպաշտպանի ստստուս քվոյի պահպանումը, ընդսմին ինքնիշխանության օգտին հանդես Է գալիս հարցվածների 43 տոկոսը: Հարցումն անցկացնելիս հաշվի չեն առնվել դրա այն մասնակիցները, որոնք դեռեւս չեն կողմնորոշվել իրենց ընտրության հարցում:
Մինչդեռ Մեծ Բրիտանիայի հպատակների երկու երրորդը դեմ Է արտահայտվում Շոտլանդիայի անկախության երկրորդ հանրաքվեի անցկացմանը: Այդ մասին հայտնել Է Sky news բրիտանական հեռուստաալիքը՝ հղում անելով սեփական հարցման արդյունքներին: Դրանց համաձայն, երկրորդ հանրաքվեի հեռանկարին բացասաբար Է վերաբերվել հարցվածների 65 տոկոսը, դրականորեն՝ 30 տոկոսը, եւս 5 տոկոսը չեն կարողացել միանշանակ պատասխան տալ:
Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը մարտի 13-ին հայտարարել Է, որ ինքը կխնդրի տարածաշրջանային խորհրդարանի թույլտվությունը անկախության շուրջ կրկնական հանրաքվե անցկացնելու համար, քանի որ շոտլանդացիների մեծամասնությունը դեմ Է արտահայտվել «Brexit»-ին եւ ցանկանում Է մնալ Եվրամիության կազմում:
Սթերջենի խոսքով՝ ինքը կցանկանար քվեարկությունն անցկացնել 2018 թվականի աշնան եւ 2019 թվականի գարնան միջեւ ընկած ժամանակաշրջանում:
Շոտլանդիայում համաձայն չեն ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության շուրջ անցկացված հանրաքվեի արդյունքներին: Շոտլանդացիների մեծամասնությունը՝ 62 տոկոսը, 2016 թվականի հունիսին կայացած հանրաքվեի ընթացքում քվեարկել Է միությանը Միացյալ Թագավորության անդամակցությունը պահպանելու օգտին:
Սեպտեմբերի սկզբին Սթերջենը հայտնել Էր, որ Շոտլանդիայի կառավարությունն սկսել Է օրենսդրական բազայի նախապատրաստումը անկախության շուրջ նոր հանրաքվե անցկացնելու համար: 2014 թվականի սեպտեմբերին Շոտլանդիայում արդեն հանրաքվե անցկացվել Է Մեծ Բրիտանիայից անկախանալու շուրջ:
Անկախության կողմնակիցներն այն ժամանակ պարտվեցին. շոտլանդացիների 55,3 տոկոսը դեմ քվեարկեց Միացյալ Թագավորության կազմից Շոտլանդիայի դուրս գալուն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: