Տարածաշրջանային

Էրդողանը Նիդերլանդներն անվանել է «բանանային հանրապետություն»

3 րոպեի ընթերցում

Էրդողանը Նիդերլանդներն անվանել է «բանանային հանրապետություն»

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնալիքներ է հնչեցրել Նիդերլանդների հասցեին` կապված իր երկրից երկու նախարարի ելույթներն արգելելու փաստի հետ: Ինչպեսհաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Էրդողանը հայտարարել է, որ Նիդերլանդները թանկ են վճարելու նման քայլերի համար: Անդրադառնալով եվրոպական երկրների պահվածքին` Թուրքիայի նախագահն ասել է. «Եվրոպայից ձայն դուրս գալի՞ս է: Ոչ, իսկ պատճառն այն է, որ այդ երկրները նույնն են: Նիդերլանդները գործեց ոչ թե Եվրամիության անդամ իրավական երկրի, այլ «բանանային հանրապետության» նման: Նիդերլանդներն անպայման վճարելու է այս հանդգնության համար»:

Էրդողանը ԵՄ կառույցներին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Նիդերլանդների դեմ:

Նիդերլանդները մարտի 11-ին հետ է կանչել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին տեղափոխող ինքնաթիռի վայրէջքի թույլտվությունը: Նիդերլանդների կառավարությունը հայտնել է, որ նման քայլի են դիմել, քանի որ Չավուշօղլուի այցը Ռոտերդամ «ռիսկի տակ էր առնում հասարակական կարգն ու անվտանգությունը»: Այս որոշումից հետո Թուրքիայի ԱԳՆ էր կանչվել Նիդերլանդների գործերի ժամանակավոր հավատարմատարը:

Նախքան որոշման հրապարակումը` նույն օրը Չավուշօղլուն սպառնացել էր Նիդերլանդներին` ասելով, որ եթե իր թռիչքի թույլտվությունը չեղարկվի, իրենք կդիմեն պատժամիջոցների կիրառմանը: Նա երկրի կառավարության գործելաոճը «ֆաշիստական մոտեցում» էր որակել: Արտգործնախարարն ընդգծել էր, որ սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում թուրք գործիչների ելույթները Գերմանիայում և Նիդերլանդներում արգելելով՝ Եվրոպան «բռնում է «ոչ»-ի կողմը»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում չեղյալ էր համարվել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի միջոցառումը, որը պետք է տեղի ունենար Թուրքիայում նախատեսվող սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում: Համաձայն քաղաքապետի գրության` այն սրահի սեփականատերը, որտեղ պետք է ելույթ ունենար Չավուշօղլուն, հրաժարվել է տարածքը տրամադրելուց:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում