Տարածաշրջանային

Թուրքիայի դատարանը գործ չի հարուցի Գարո Փայլանին վիրավորած հաղորդավարի դեմ

2 րոպեի ընթերցում

Թուրքիայի դատարանը գործ չի հարուցի Գարո Փայլանին վիրավորած հաղորդավարի դեմ

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի դատարանը մերժել է դատական գործ հարուցել մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանին «անցեղ» անվանած հաղորդավարի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը:

Անկարայի գլխավոր դատախազությունը, մեջբերելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, նշել է, որ քաղաքական գործիչները պետք է ճկունություն ցուցաբերեն քննադատությունների նկատմամբ:

Գարո Փայլանը հունվարի 13-ին Թուրքիայի մեջլիսում խոսել էր Հայոց ցեղասպանության մասին, ինչի հետևանքով խիստ քննադատությունների էր արժանացել մյուս կուսակցությունների ներկայացուցիչների կողմից: Մեջլիսի նախագահը նրան պատժել էր` հեռացնելով երեք նիստի աշխատանքներից, իսկ մեջլիսի արձանագրություններից հանվել էին պատգամավորի խոսքերը:

Կատարվածի առնչությամբ թուրք հաղորդավար Օզլեմ Օզջանը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում էր կատարել, որում ասվում էր. «Եթե ցեղասպանություն է արվել, ձեր նման անցեղն ինչ գործ ունի մեջլիսում»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի Սահմանադրական դատարանը ևս մերժել է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանի դիմումը, որով նա պահանջում էր չեղյալ համարել «Հայոց ցեղասպանություն» եզրույթը կիրառելու համար մեջլիսի երեք նիստերից իրեն հեռացնելու մասին որոշումը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում