Ռուզաննա Հակոբյանը վերընտրվեց Գավառի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում
2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գավառի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցած ԳՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը Գավառի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում վերընտրեց իրավաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ Ռուզաննա Հակոբյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի պետական համալսարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, հոգաբարձուների խորհրդի նիստը վարել է ԳՊՀ խորհրդի նախագահ, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: ԳՊՀ ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված բաց մրցույթին սահմանված ժամկետում ԳՊՀ գիտական խորհրդի կողմից առաջադրվել է համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, իրավաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ Ռուզաննա Խաչիկի Հակոբյանի թեկնածությունը, ով ներկայացրել է բուհի զարգացման ծրագիրը՝ «ԳՊՀ-ն՝ կրթական նոր գաղափարախոսության կրող» կարգախոսով: Հաշվիչ հանձնաժողովի նախագահ, ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Աշոտ Խաչատրյանը հայտարարել է փակ գաղտնի քվեարկության արդյունքները, որի համաձայն Ռուզաննա Հակոբյանը միաձայն ընտրվել է ԳՊՀ ռեկտոր: ԳՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամները, շնորհավորելով նորընտիր ռեկտորին, մաղթել են հաջողություններ եւ արգասաբեր աշխատանք: ԳՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրանուշ Հակոբյանը, ԳՊՀ գիտական խորհրդի որոշմամբ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ԳՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Էդուարդ Մուշեղի Ղազարյանին շնորհել է ԳՊՀ պատվավոր դոկտորի կոչում` Գավառի պետական համալսարանի հետ երկարատեւ եւ արդյունավետ համագործակցության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության զարգացման ոլորտում ունեցած անգնահատելի վաստակի համար:
Խոսրով Խլղաթյան