Արցախ

Արցախի փոխվարչապետը լայնամասշտաբ ռազմական գործողություններ վերսկսելու պայմաններ չի տեսնում

2 րոպեի ընթերցում

Արցախի փոխվարչապետը լայնամասշտաբ ռազմական գործողություններ վերսկսելու պայմաններ չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լայնամասշտաբ ռազմական գործողություններ վերսկսելու պայմանները տեսանելի չեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իր ֆեյսբուքյան էջում նման գրառում է կատարելԱրցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը։ Նա պատերազմի վերսկսման մասին բարձրաձայնողներին խնդրել է չահաբեկել Արցախում ապրողներին, մարտական հերթապահություն իրականացնող հազարավոր զինվորների ծնողներին և հարազատներին:

«1991թ. սկսած պատերազմը դեռ չի ավարտվել, այսպես կոչված զինադադարի ռեժիմը խախտվել է անմիջապես զինադադարի կնքման օրվանից առ այսօր և խախտվելու է դեռ տասնյակ տարիներ: Փոխվելու են զենքերն ու նրանց տրամաչափերը, տեխնիկան ու տեխնոլոգիաները, եթե այն դիտարկում ենք որպես ռազմական գործողություն, ապա այն ժամանակ առ ժամանակ տեղի է ունենալու: Մենք՝ Արցախում ապրողներս, ընդմիշտ պետք է ազդակ հաղորդենք մեր ժողովրդին, որ սա մեր դառը և ծանր, բայց միևնույն ժամանակ պատվաբեր և պարտավորեցնող խաչն է: Իսկ եթե շատ եք ուզում, կարող եք անվանել նաև հարատև պայքար: Սա այն անխուսափելին է, որը կա այսօր և կլինի դեռ երկար ժամանակ»,-գրել է Արցախի փոխվարչապետը:

Նա նաեւ նշել է, որ մի խումբ երիտասարդներ կիրակի՝ փետրվարի 26-ին ծառատունկ են կազմակերպել Արաքսի հովտում: «Օրերս Արցախ էր ժամանել ռուսաստանաբնակ մեր հայրենակիցը՝ Ստեփանակերտում մեծ ներդրում կատարելու ցանկությամբ»,-հավելել է նա:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում