Տարածաշրջանային

Ադրբեջանն անհանգստացած է ԼՂ խնդրի կարգավորման մասին Օլանդի հայտարարությամբ

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանն անհանգստացած է ԼՂ խնդրի կարգավորման մասին Օլանդի հայտարարությամբ

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է հիմնվի ինքնորոշման իրավունքի վրա, խստորեն անհանգստացրել է Բաքվին: Ադրբեջանի մեջլիսում փետրվարի 14-ին կայացած քննարկումների ժամանակ ադրբեջանցի պատգամավոր Ազայ Գուլիևը կոչ է արել բողոքի նոտա հղել Ֆրանսիային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը:

Պատգամավորն ընդգծել է, որ հայերի հետ հանդիպման ժամանակ Օլանդն իր աջակցությունն է հայտնել ժողովուրդների ինքնորոշման սկզբունքին: «Սա հայամետ քաղաքականության ակնհայտ դրսևորում է»,- նշել է Գուլիևը` առաջարկելով Ադրբեջանի ԱԳՆ կողմից Ֆրանսիային բողոքի նոտա հղել:

Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ամենաշատը հենց Ֆրանսիայի ներկայացուցիչներն են այցելում Լեռնային Ղարաբաղ:

Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ճաշկերույթի ընթացքում ԼՂ հակամարտության մասին ասել է. «Մարտերը դադարեցվել են, երկխոսություն է սկսվել, հրադադար է հաստատվել, սակայն մենք չենք կարող բավարարվել հրադադարով, քանի որ դա լուծում չէ: Մենք պետք է հակամարտության կարգավորման համար իրական բանակցություններ սկսենք: Մեծ սխալ կլինի կարծել, թե իրավիճակը կայունացել է: Մենք պետք է անդրադառնանք հակամարտության կարգավորման տարրերին, որոնք արձանագրված են Մադրիդյան սկզբունքներում: Մենք գիտենք նաև, որ երբ վերջիններս կիրառվեն, դրանք պետք է հիմնվեն Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման վրա, ուստի այս ճանապարհով առաջ շարժվելու համար Ֆրանսիան նոր հանդիպում կկազմակերպի Հայաստանի և Ադրբեջանի հետ»:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում