2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ից եւ Գերմանիայից հետո Ֆրանսիան Հայաստանին ամենաշատ օժանդակություն տրամադրող երկիրն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:
«2016 թվականը բավականին հագեցած տարի էր թե՛ երկկողմ հարաբերությունների, թե՛ տնտեսական եւ թե այլ ոլորտներում զարգացման տեսանկյունից: Կայացան մի շարք այցեր: Տնտեսական առումով առաջընթաց գրանցեցինք: ՀՀ ողջ տարածքով ջրամատակարարում ապահովող ընկերության հետ ստորագրվեց պայմանագիր: Զարգացման ֆրանսիական գործակալությունը Վեդու ջրամբարի կառուցմանը հատկացրեց 75 մլն եվրո, Հայաստանին տրամադրվեց 40 մլն բյուջետային վարկ: Նշեմ նաեւ, որ կրթական ոլորտում եւս բավականին զարգացումներ են եղել. Հայ- ֆրանսիական համալսարանում արդեն իսկ ստեղծել է նախկին շրջանավարտների մի ցանց, որի նպատակը ներկա եւ նախկին ուսանողների մշտական կապի պահպանումն է»,-նշեց նա:
Դեսպանն ընդգծեց, թե դատելով Ֆրանսիայի՝ 2016 թվականի օժանդակությունից՝ կարելի է եզրակացնել, որ Ֆրանսիայի կողմից Հայաստանին տրամադրվող օժանդակությունը 5 անգամ աճել է:
Նա տեղեկացրեց, որ կան կարեւոր ծրագրեր, որոնք քննարկվելու են, եւ հանդիպումներ, որոնք տեղի են ունենալու Նախագահ Սերժ Սարգսյանի՝ մարտի 8-ին Ֆրանսիա կատարելիք այցի շրջանակում: Դրանցից մեկը միջազգային հարթակում բավականին մեծ հեղինակություն ունեցող ձեռնարկությունների ասոցիացիայի ներկայացուցիչների՝ խոշոր ձեռնարկատերերի հետ հանդիպումն է, ինչի նկատմամբ արդեն իսկ հետաքրքրություն են հայտնել մի շարք ձեռնարկատերեր: