Պաշտոնական

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Գերմանիայի Նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին

3 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Գերմանիայի Նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ ԳԴՀ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի անցած հարուստ պետական-քաղաքական ուղին և պատկառելի փորձը լավագույնս կծառայեն Գերմանիայի հետագա զարգացմանն ու շարունակական վերելքին, միջազգային ասպարեզում դերակատարության ավելացմանն ու գերմանացի բարեկամ ժողովրդի բարօրությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ ՀՀ-ի և ԳԴՀ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման քառորդ դարը երկու երկրներն ամփոփում են քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում լուրջ ձեռքբերումներով և դրանք երկուստեք լրացնելու պատրաստակամությամբ, ինչի մասին են վկայում վերջին տարիներին երկկողմ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և փոխադարձ այցերի զգալի ակտիվացումը, միջխորհրդարանական և ապակենտրոնացված կապերի ընդլայնումը, ինչպես նաև Հայաստան-ԵՄ համագործակցությանը Գերմանիայի հաստատակամ աջակցությունը։

«Այսօր Գերմանիան նաև Հայաստանի առաջնային տնտեսական և դոնոր գործընկերներից է, մեր երկրում ընթացող լայնամասշտաբ բարեփոխումների հետևողական աջակիցը:

Մեծապես կարևորում եմ այն հանգամանքը, որ մեր գործակցությունը խարսխվում է ոչ միայն փոխադարձ շահերի, այլև ընդհանուր արժեհամակարգի վրա: Դրա վկայությունն էր նաև անցյալ տարի Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը:

Անձամբ ծանոթ լինելով Ձեր պրոֆեսիոնալիզմին ու հայրենասիրությանը՝ համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում մեր երկկողմ հարաբերությունները ոչ միայն կպահպանեն ներկայիս դինամիկան, այլև նոր խթան կստանան՝ ի նպաստ մեր երկրների և ժողովուրդների բարօրության:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ Ձեր բարձր և պատասխանատու պաշտոնում»,-ասված է Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում