Հասարակական

Երևանում կայացավ Եվրոպական երիտասարդական պառլամենտի համաժողովը

2 րոպեի ընթերցում

Երևանում կայացավ Եվրոպական երիտասարդական պառլամենտի համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական երիտասարդական պառլամենտի (ԵԵՊ)՝ «ԱՅՍՕՐ նորարարության համար» խորագիրը կրող առաջին նորարարական համաժողովը տեղի ունեցավ փետրվարի 4-ին և կշարունակվի մինչև փետրվարի 6-ը։Այն համաֆինանսավորվում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, Հայաստանի Կարմիր Խաչի ընկերության և Օքսֆամի հայաստանյան գրասենյակի կողմից։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ծրագրի միջոցով համաժողովի կազմակերպիչներն ու մասնակիցները միտում ունեն Երևանը տեղացի և օտարերկրյա 120 երիտասարդ առաջնորդների՝ սոցիալական մարտահրավերներին առնչվող նորարարական գաղափարներ ու լուծումներ առաջարկելու հարթակ դարձնել։

«Համաժողովի բոլոր օրերի ընթացքում մասնակիցները՝ ընդգրկված վեց հանձնաժողովներում, կքննարկեն հասարակական նորարարությանը և ձեռնարկատիրությանը վերաբերող նորարարական լուծումներ։ Թեմաները կլինեն՝ կոռուպցիայի դեմ պայքարը, ստարտափների գործունեության խթանումը, փախստականների ինտեգրումը աշխատաշուկայում, կանանց դերը գիտության ու տնտեսագիտական ոլորտներում»,- բացման խոսքում նշեց Համաժողովի նախագահ Աշոտ Խուդգարյանը։

Նրա խոսքով՝ խնդիրների շուրջ երիտասարդների մշակած լուծումների համալիր փաթեթները կհանձնվեն ԵԵՊ միջազգային գրասենյակի, ինչպես նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության դատին։ Մշակված լուծումները կներկայացվեն նաև մի շարք տեղական և միջազգային ձեռնարկությունների՝ դրանց հետագա իրագործման ակնկալիքով։

Միջոցառման ընթացքում իրենց լավագույնս դրսևորած հայ պատվիրակները հնարավորություն կստանան ներկայացնելու Հայաստանը սույն թվականի ապրիլ ամսին Նորվեգիայում կայանալիք ԵԵՊ գլխավոր միջազգային համաժողովին։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում