Տարածաշրջանային

Freedom House-ը Ադրբեջանը կրկին դասել է անազատ և ոչ ժողովրդավար երկրների շարքում

3 րոպեի ընթերցում

Freedom House-ը Ադրբեջանը կրկին դասել է անազատ և ոչ ժողովրդավար երկրների շարքում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության կողմից հրապարակված զեկույցում Ադրբեջանը կրկին հայտնվել է ամենից անազատ և ոչ ժողովրդավար երկրների շարքում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Freedom House-ի «Աշխարհում ազատություն 2017» անունը կրող զեկույցում նշվում է, որ նախորդ տարի Ադրբեջանում ավտորիտար ռեժիմն ավելի է ագրեսիվացել:

Freedom House-ը իր ուսումնասիրությունները կրկին կատարել է 195 երկրի շրջանակներում:

Զեկույցի «Հանրաքվեներ և ժողովրդավարության թուլություն» բաժնում անդրադարձ է կատարվել 2016-ի սեպտեմբերին Ադրբեջանում անցկացված սահմանադրական հանրաքվեին, որում նշվում է, որ նախագահ Իլհամ Ալիևը սահմանադրական փոփոխությունների միջոցով ավելի է ամրապնդել իր իշխանությունը, և հանրաքվեն անցել է խիստ ճնշումների և հետապնդումների ներքո:

Զեկույցի՝ «Իշխանությունները պատրաստվում են ապագային» հատվածում նշվում է, որ նավթի գնանկումից անհանգստացած ադրբեջանական իշխանությունները սահմանադրական փոփոխությունները և հանրաքվեն նախաձեռնել են իրենց իշխանությունն ավելի ամրապնդելու նպատակով:

Freedom House-ն անդրադարձ է կատարել նաև այդ երկրում ժողովրդավարության և խոսքի ազատության վիճակին:

Կազմակերպությունը Ադրբեջանի կառավարությանը քննադատել է իշխանությունների կարծիքին և գործունեությանը հակասող կարծիքների սահմանափակման, այլախոհների նկատմամբ իշխանությունների իրականացրած հետապնդումների համար և կոչ է արել Ադրբեջանին հետևել միջազգային հանրության և կազմակերպությունների հորդորներին` քայլեր ձեռնարկել երկրում մարդու իրավունքների խախտման դեպքերին վերջ տալու ուղղությամբ:

Freedom House-ի այս զեկույցը վերաբերում է 195 երկրների, որոնցից 87-ը դասվել են ազատ երկրների շարքին, 59-ը` մասնակի ազատ, իսկ 49-ը` ամբողջովին անազատ երկրների շարքին, որոնց մեջ է նաև Ադրբեջանը:

2016-ի հունվարին Ադրբեջանում տեղի է ունեցել սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, ինչի արդյունքում` նախագահի պաշտոնավարման ժամկետը 5-ից դարձել է 7 տարի, իսկ նախագահի և պատգամավորի թեկնածուների համար հանվել է տարիքային սահմանափակումը: Ադրբեջանի ընդդիմադիր շրջանակները սահմանադրական փոփոխությունները համարում են «հետադիմական» և գտնում, որ Ալիևը նախագահի թեկնածուի տարիքային սահմանափակումը հանելով պարարտ հող է նախապատրաստում իր որդու համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում