Լրագրողների պաշտպանության կոմիտեն հորդորում է Բելառուսին ազատել Արցախ այցելած բլոգերին
2 րոպեի ընթերցում
![Լրագրողների պաշտպանության կոմիտեն հորդորում է Բելառուսին ազատել Արցախ այցելած բլոգերին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/01/874631.jpg)
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) հորդորել է Բելառուսի իշխանություններին անհապաղ ազատ արձակել Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին: Մինսկում ազատազրկված Լապշինին Ադրբեջանը պահանջում է արտահանձնել իրեն:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մինսկի ոստիկանությունը 2016 թվականի դեկտեմբերի 15-ին ձերբակալել է Լապշինին, ով բնակվում է Մոսկվայում և գրում է ռուսերեն հեղինակավոր Travel Blog-ի համար: Նա որոնվում է Ադրբեջանում 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Լեռնային Ղարաբաղ այցելելու, ինչպես նաև իր բլոգում Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար: Ադրբեջանը 2011 թվականին նրան ներառել էր որոնվող անձանց ցուցակում:
Լրագրողների պաշտպանության կոմիտեի հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանն ու Բելառուսը մոտ դիվանագիտական հարաբերություններ ունեն: Իսկ Բելառուսի գլխավոր դատախազն էլ օրերս հայտնել է, որ ուսումնասիրում է բլոգերին արտահանձնելու Ադրբեջանի պահանջը:
«Ալեքսանդր Լապշինը չպետք է բանտարկվի իր կարծիքն արտահայտելու կամ վիճելի տարածաշրջան այցելելու համար: Մենք կոչ ենք անում Բելառուսի իշխանություններին առանց նախապայմանների ազատ արձակել բլոգերին և թույլ տալ նրան վերադառնալ տուն»,- նշել է Լրագրողների պաշտպանության կոմիտեի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կոորդինատորը:
Հունվարի 12-ին բլոգերի հետ հանդիպել է Իսրայելի գլխավոր հյուպատոսը: Լապշինի կինը` Եկատերինա Կոպիլովան, իսրայելական «Հաարեց» պարբերականին հայտնել է, որ դիվանագետի խոսքով` Լապշինը եղել է առողջական վատ վիճակում, ընկճված և Բելառուսի պաշտոնյաների ճնշման ներքո, ովքեր պահանջում են բլոգերից կամավոր համաձայնել արտահանձնմանը:
Լրագրողների պաշտպանության կոմիտեն հիշեցնում է, որ Ադրբեջանը 180 լրագրողի «անցանկալի անձ» է հայտարարել` Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի ԱԳՆ այդ ցուցակը, որը վերջին անգամ թարմացվել է 2016 թվականի դեկտեմբերի 7-ին, ներառում է 623 անուն: