Քանի դաշնակից կունենա Ադրբեջանը, երբ չկարողանա վճարել որեւէ մեկի աջակցության դիմաց. Ֆրանկ Էնգել
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի խավիարային դիվանագիտությանը վերջ կդրվի՝ լինի դա քրեական հետաքննությունների եւ դրանցից բխող դատական որոշումների միջոցով, թե այն հանգամանքի, որ Ադրբեջանի հասարակության համար այս երեւույթը դառնում է ավելի ու ավելի անհանդուրժելի: «Արմենպրես»-ի հետ զրույցում, խոսելով Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանին ձայնի իրավունքից զրկելուն ուղղված հայտարարության մասին, ասաց Եվրախորհրդարանի լյուքսեմբուրգցի պատգամավոր Ֆրանկ Էնգելը:
«Ադրբեջանի քաղհասարակությունը խորհրդարանական ներկայացուցչության իրավունք ունի միջազգային համաժողովներում, որոնք մշտապես հիմնված չեն գումարների եւ նվերների համոզիչ ուժերի վրա: Հետաքրքիր է՝ քանի ընկեր եւ դաշնակից կունենա Ադրբեջանը իր սահմաններից դուրս, երբ այլեւս չկարողանա շռայլորեն վճարել որեւէ մեկի աջակցության դիմաց»,-ասաց պատգամավորը:
Օրերս ադրբեջանական քաղաքացիական հասարակության 30 ներկայացուցիչ հանդես էր եկել համատեղ հայտարարությամբ, ըստ որի՝ ԵԽԽՎ-ին կոչ է արվել կազմակերպությունում Ադրբեջանի պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից, ինչպես նաեւ առաջիկայում՝ հունվարի 23-27-ը կայանալիք ձմեռային նստաշրջանին, անդրադառնալ կառույցի ներսում ի հայտ եկած կոռուպցիոն սկանդալին:
Ավելի վաղ ադրբեջանական խավիարային դիվանագիտության մասին հայտնի էր դարձել Միլանի դատախազությունում ԵԽԽՎ նախկին փոխնախագահ, Եվրոպայի ժողովրդական կուսակցության խմբակցության ղեկավար Լուկա Վոլոնտեի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակում:Այդ մասին 2016 թվականին «Խավիարային դիվանագիտություն. եվրոպական ճահիճ» խորագիրը կրող զեկույց էր հրապարակել «Կայունության եվրոպական նախաձեռնություն»-ը: