ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի սեւ շուկայում, հակառակ իրավապահ մարմինների իրականացրած գործողություններին, դոլարի առք ու վաճառքը շարունակվում է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական cebhe.info-ն:
Սեւ շուկայի դեմ տարվող պայքարի հետեւանքով դոլարի առք ու վաճառքով զբաղվողների թիվը պակասել է, նրանք դոլարի գնի շուրջ վստահում են սակարկել միայն ծանոթների հետ՝ այն էլ չափազանց բարձր փոխարժեքով:
Ադրբեջանի սեւ շուկայում դոլար-մանաթ փոխարժեքը հասել է ռեկորդային 2,5 մանաթի:
Դոլարի փոխարժեքի նման բարձրացումը պայմանավորված է նրանով, որ բանկերը դոլար չեն վաճառում, իսկ մեծ պահանջարկի ֆոնին սեւ շուկան կամայական բարձր փոխարժեքներ է սահմանում:
Փորձագետների փոխանցմամբ` եթե բանկերը չվերականգնեն դոլարի վաճառքը, սեւ շուկայում դոլարը կանցնի նաեւ 2,5 մանաթի սահմանը:
Ինչպես հաղորդում է REPORT.AZ-ը` հղում անելով Ադրբեջանի կենտրոնական բանկին, դեկտեմբերի 21-ին դոլար-մանաթ պաշտոնական փոխարժեքը կկազմի 1,7575 մանաթ:
Դեկտեմբերի 16-20-ը Ադրբեջանում դոլար-մանաթ պաշտոնական փոխարժեքը կազմել է 1,7525 մանաթ:
Ադրբեջանցի փորձագետ Ռամին Ռահիմովն անդրադառնալով մանաթի փոխարժեքին, հայտարարել էր, որ դոլարի իրական արժեքը ներկայում 2 մանաթից ավելի է: Նրա խոսքով՝ լիակատար «լողացող փոխարժեքի» ժամանակաշրջանում մանաթի ճակատագիրը կախված է լինելու հիմնականում նավթի գնից, այսինքն՝ OPEK-ի հետագա քաղաքականությունից, ինչի վրա Ադրբեջանի ազդեցության աստիճանը զրոյական է: