1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի դեկտեմբերի 20-ի կարգադրությամբ ստեղծվել է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումների ապահովման աշխատանքային խումբ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,Նախագահի մեկ այլ կարգադրությամբ ստեղծվել է հանրային ծառայության համակարգի բարեփոխումների ապահովման աշխատանքային խումբ՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորությամբ:
Վերոնշյալ աշխատանքային խմբերին հանձնարարվել է նախապատրաստել Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքների փոփոխությունների նախագծերը, որոնք Հանրապետության Նախագահի հետ համաձայնեցնելուց հետո, սահմանված կարգով կներկայացվեն Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը: