Հասարակական

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում գործելու է դատապարտյալների տեղեկատվական ռեգիստր

2 րոպեի ընթերցում

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում գործելու է դատապարտյալների տեղեկատվական ռեգիստր

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ավարտին են հասցվել քրեակատարողական ծառայության նախաձեռնությամբ շուրջ մեկ տարի առաջ մեկնարկած քրեակատարողական հիմնարկներում էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման աշխատանքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:

«Այս նախաձեռնության նպատակն է մշակել քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն, ապահովել ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքների համապարփակ վերլուծությունը, ինչպես նաև ներդնել հսկողության գործուն միջոցներ»,- ասաց Քրմոյանը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության և VXsoft ընկերության մասնագետների կողմից մանրամասն նախագծվել և մշակվել է «Կալանավորված անձանց և դատապարտյալների տեղեկատվական ռեգիստրը», որն աննախադեպ է իր մասշտաբով և տեխնիկական հնարավորություններով:

«Համակարգն ամբողջությամբ ներառում է կալանավորված անձանց և դատապարտյալների պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազատման, պատժի կրման ռեժիմների փոփոխման, տեսակցությունների, ուսման, աշխատանքի, ինչպես նաև կարևորություն ներկայացնող այլ տեղեկություններ: Ընդ որում՝ լուսանկարելու, մատնահետքեր վերցնելու, ինչպես նաև տեսանկարելու ողջ գործընթացն իրականացվելու է թվայնացված եղանակով՝ արխիվացվելով յուրաքանչյուր անձի անվանական թղթապանակում»,- ընդգծեց Քրմոյանը:

Ռեգիստրն օժտված է լինելու այնպիսի տեխնիկական հնարավորություններով, որի շնորհիվ հետագայում նախատեսված է ՀՀ իրավապահ համակարգերում գործող այլ տեղեկատվական ռեգիստրների կապի ստեղծումը՝ միջազգայնորեն ճանաչված չափորոշիչների պահպանմամբ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում պատշաճ և նպատակային հսկողություն իրականացնելու նպատակով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում