Աշխատանքային միգրացիան փոխում է ընտանիքի ավանդական մոդելը

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Աշխատանքային միգրացիայի հետևանքով Հայաստանում ձևավորվում է նոր՝ «կիսված» կամ «դիստանցիոն» ընտանիքի մոդել, որն ըստ մասնագետների չի կարող համարվել օրինաչափ և առողջ:

57-ամյա Հայկ Մովսիսյանն արդեն 12 տարի է, ինչ ՌԴ է մեկնում՝ սեզոնային աշխատանքի: Երեք երեխաների հայրը մինչև մեր երկրի անկախացումը երկար տարիներ աշխատել է իր մասնագիտությամբ՝ ինժեներ-մեխանիկ, և ինչպես ինքն է ասում՝ այդ տարիներին ֆինանսական ոչ մի խնդիր չի ունեցել: Բայց պատկերը փոխվել է անկախացումից հետո, երբ մի շարք գործարաններ են փակվել, շատերը, այդ թվում նաև` Հայկ Մովսիսյանը, դարձել են գործազուրկ և ստիպված մեկնել են արտագնա աշխատանքի: Խոսելով իր ընտանիքի մասին՝ նշում է, որ այս տարիների ընթացքում և´ ինքը, և´ իր ընտանիքը մեծ դժվարությունների միջով են անցել:

«Շատ դժվարությամբ ենք հարմարվել մեր ընտանիքի նոր կարգավիճակի հետ: Հիշում եմ՝ առաջին անգամ, երբ մեկնեցի Հայաստանից, ավագ որդիս, ով այդ ժամանակ 5-րդ դասարանում էր սովորում, մեծ սթրես տարավ: Տևական ժամանակ ինձնից նեղացած էր, անգամ հեռախոսի լարերն էր կտրել, որ չզանգեմ, հետը չխոսեմ: Միջնեկ տղաս, ով բնավորությամբ ավելի զուսպ է, ինքնամփոփ էր դարձել, մինչև մեկնելուս պահը աշխատեց ցույց չտալ, ուրախ էր ձևանում: Հետո կնոջիցս եմ իմացել, որ նա նույնպես շատ դժվար է հարմարվել: Անգամ հոգեբանի են դիմել, ով որոշ ժամանակ աշխատել է երեխաներիս հետ: Միայն փոքր տղաս է համեմատաբար արագ հարմարվել, դա էլ երևի տարիքի հետ է կապված՝ այդ ժամանակ շատ բան չէր հասկանում ու ընկալում այնպես, ինչպես ավագ եղբայրները»,- պատմեց Հայկ Մովսիսյանը :

Կիսված, ոչ ամբողջական ընտանիքներն այսօր շատ են Հայաստանում և ինչպես Հայկ Մովսիսյանն է նկատում՝ կողքից նայելիս, որպես խնդիր միայն կարոտն է երևում, միայն այդ ընտանիքի անդամները գիտեն, թե իրականում ինչ է նշանակում ապրել ոչ լիարժեք ընտանիքում: Թեև ամեն տարի ձմռանը նա վերադառնում է Հայաստան և մոտ 2-3 ամիս ընտանիքի կողքին է լինում, այնուամենայնիվ, դա ևս չի համարում լիարժեք ընտանիք:

20-ամյա Էմմա Բոջուկյանն այն բազմաթիվ երեխաներից է, որոնք ապրել ու ապրում են «կիսված» ընտանիքում՝ անմիջականորեն իրենց վրա կրելով այդ երևույթի ազդեցությունները: Էմմայի ծնողները արդեն 6 տարի է, ինչ մեկնել են Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի: Խոսելով «կիսված» ընտանիքի մասին՝ նա առաջին հերթին նշեց այն բոլոր դժվարությունները, որոնք, ըստ նրա, անխուսափելի են նման ընտանիքներում:

«Կիսված ընտանիքը ամենաանուշ երևույթի՝ ընտանիքի աղճատումն է: Այն, ինչ տալ ու վերցնել կարող ես, դառնում է անլիարժեք: Խոսքը թե´ ծնողական սիրո մասին է, և թե´ այն սիրո, որ դու ես տալիս ծնողիդ: Իմ դեպքում ծնողներիս հեռու լինելը նպաստեց վաղ հասունանալուն, ու մեծ բաց մնաց՝ մենակությամբ լցված բաց, որը հավատի ամրանալուն ծառայեց: Ծնողների հեռու լինելը կարող է մեկուսացնել շրջապատից, բարդույթներ առաջացնել, թախիծ տալ, հատկապես երբ բաժանումը դեռահասության շրջանում է, ինչը իմ դեպքում եղավ: Միաժամանակ զգայուն, ամուր և ուժեղ է դարձնում, թեպետ մնում ես միշտ կարոտող: Նշածս բոլոր հետևանքները իմ կյանքում եղել են: Թե´ գնացողների, և թե´ սպասողների համար շատ բարդ ու դժվար է լինում հարմարվելը»,-նշում է Էմմա Բոջուկյանը:

Ընտանիքի այս մոդելի ձևավորման, դրա ազդեցությունների և հետևանքների մասին հոգեբան Նաիրա Գրիգորյանը կարծում է, որ հարցն այսօր իսկապես խնդիր է դարձել հայաստանյան ընտանիքների, հետևաբար` հասարակության օրինաչափ զարգացման համար:

Փոխվում են ընկալումները․ տեխնոլոգիան վերածվում է շփման միջոցի

«Այսօր Հայաստանում կան շատ ընտանիքներ, որտեղ ընտանիքի տղամարդն է գնացել արտագնա աշխատանքի, և տան մնացած անդամները գուցե նրա բացակայությունը ինչ-որ չափով լրացնելու, հաճախ նաև շրջապատում ցույց տալու համար, որ իրենք առանց տղամարդու «անտեր» չեն, դառնում են ավելի ամուր, ուժեղ ու համախմբված: Բայց այդ ամրությունը կայանում է հենց կիսատ լինելու մեջ. ընտանիքի բոլոր անդամները սովորում են ոչ ամբողջական լինելուն: Դա հարմարվելու վերջնական փուլն է: Մարդիկ սովորում են կարոտը անտեսելուն, երբ ընտանիքի անդամները միասին չեն: Կարճ ասած՝ հոգեբանական խնդիրները անձի ներաշխարհի վրա են ազդում՝ փոփոխելով նրա աշխարհընկալումը»,- նշում է հոգեբանը:

Մասնագետի կարծիքով՝ կիսված ընտանիքը չի կարող առողջ և օրինաչափ երևույթ լինել: Այդպիսի ընտանիքներում ընտանեկան արժեհամակարգի փոփոխման կամ նոր արժեհամակարգի ձևավորման ռիսկ կա:

«Միգրացիան հիմնականում սկսվում է տղամարդկանց մեկնելուց: Կինը ստանձնում է «տան գլխավորի» դերը: Փոխվում են դերային ընկալումները, մայրերն ամեն ինչի պատասխանատուն են դառնում: Հոր՝ շարունակ հեռու լինելը մտերմության ու փոխվստահության մասին ընկալումներ է փոխում։ Այս կարևոր նախատիպը երեխաների աչքից հեռանում է, հետևաբար` փոխվում է անգամ տղամարդկության ընկալումը»,- նշում է Նարիա Գրիգորյանը։

Ընտանիքի ամրությունը պահելուն այսօր օգնում են տեխնիկայի ձեռքբերումները: Դրանք պիտի ավելի նպատակային օգտագործել՝ մշտական կապի մեջ մնալով ընտանիքի բոլոր անդամների հետ: «Այսպիսով` կարելի է երեխաների մոտ «ներկայության» պատրանք ստեղծել: Իսկ այցելությունները պիտի դարձնել հնարավորինս հաճախակի. առողջ սնվելու բանաձևի նման՝ թեկուզ քիչ-քիչ, բայց շուտ-շուտ: Ընտանիքի՝ աշխատելու մեկնած անդամին, չպետք է դիտարկենք որպես «փող աշխատող ռոբոտ»»,-եզրափակում է մասնագետը:

Հայաստանում միգրացիայի պատկերը՝ թվերով

Հայ միգրանտների թիվը մեծ է հիմնականում ԱՊՀ երկրներում՝ հատկապես Ռուսաստանի Դաշնությունում: Սա են փաստում, օրինակ, Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության տվյալները, ըստ որոնց` ՌԴ տարածք մուտք գործած ՀՀ քաղաքացիների թիվը 2015 թվականին կազմել է 365100: Նրանցից 362 532-ը ՌԴ ՄԾ տարածքային մարմիններում միգրացիոն հաշվառման է կանգնել:

Մելինե Գյուլումյան

Հայերեն English Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար