Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 18-ին ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Յան Վապավուորիին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Եվրոպական ներդրումային բանկի հետ Հայաստանի համագործակցությունը, որը նրա գնահատմամբ, աչքի է ընկնում աճող ակտիվությամբ և արդյունավետությամբ: «Բանկը ֆինանսավորում է Հայաստանի տնտեսական աճին նպաստող ռազմավարական նշանակության ինչպես ենթակառուցվածքային, այնպես էլ փոքր ու միջին բիզնեսին աջակցող ծրագրեր: Այս առումով Եվրոպական ներդրումային բանկին մենք համարում ենք մեզ համար ռազմավարական գործընկեր»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահ Սարգսյանը կարևորել է Եվրոպական ներդրումային բանկի ղեկավարության հետ պարբերական դարձած հանդիպումները, որոնք, նրա համոզմամբ, օգնում են նոր ծրագրերի կազմմանն ու դրանց արդյունավետ իրականացմանը:

Բանկի փոխնախագահ Յան Վապավուորին շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը՝ Եվրոպական ներդրումային բանկի հետ շատ լավ համագործակցության համար, որը, ըստ նրա, չնայած երկար պատմություն չունի՝ առաջին համաձայնագիրը կնքվել է 2007 թ., իսկ առաջին վարկավորման ծրագիրը՝ իրականացվել 2010 թ-ին, այնուամենայնիվ, բավականին ծավալուն աշխատանք է իրականացվել: «Մենք հատկապես ուրախ ենք ու բավարարված ստորագրված ծրագրերի բարձր մակարդակի իրագործմամբ: Մենք տեսնում ենք, որ դուք ունեք շատ արդյունավետ վարչարարական մեխանիզմներ, որոնց շնորհիվ կարողանում եք արդյունավետորեն իրականացնել այդ բոլոր ծրագրերը»,-ՀՀ Նախագահի հետ հանդիպմանն ասել է Յան Վապավուորին: Նա գոհունակությամբ է խոսել նաև այսօր ՀՀ ԿԲ-ի հետ ստորագրված ՓՄՁ ֆինանսավորման ծրագրի երկրորդ փուլի պայմանագրի մասին, որի հիմնական շահառուները հայաստանյան փոքր և միջին ձեռնարկություններն են:

Նախագահը երախտագիտություն է հայտնել Եվրոպական ներդրումային բանկին՝ մեր երկրի համար կարևոր ենթակառուցվածքային ծրագրերից մեկի՝ «ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրին աջակցության համար:

ՀՀ Նախագահը և Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը քննարկել են բանկի հետ Հայաստանի հետագա համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա