Հասարակական

Արփինե Հովհաննիսյանը Վասիլիս Մարագոսի հետ քննարկել է ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը

2 րոպեի ընթերցում

Արփինե Հովհաննիսյանը Վասիլիս Մարագոսի հետ քննարկել է ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նոյեմբերի 15-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարարը շնորհակալություն է հայտնել ԵՄ պատվիրակությանը, դեսպանին, իր թիմին, որոնց հետ Արդարադատության նախարարությունը սերտորեն աշխատում է՝ համատեղ ծրագրերի և ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման և առավելագույն արդյունք արձանագրելու համար և ներկայացրել ՀՀ կառավարության գործողությունները՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին և արդարադատության ինստիտուտների նկատմամբ

հանրության վստահության բարձրացմանը:

Վասիլիս Մարագոսը կարևորել է Հայաստանի հետ արդարադատության ոլորտում իրականացված բարեփոխումների ընթացքն ու այդ ուղղությամբ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ներկայում ԵՄ աջակցությամբ մշակման փուլում գտնվող իրավական և դատական բարեփոխումների ռազմավարական ծրագիրը և դրանից բխող միջոցառումների ցանկը՝ 2017-2020 թվականների համար:

Նախարարը ևս մեկ անգամ ընդգծել է դատաիրավական բարեփոխումների ոլորտում ԵՄ աջակցության կարևորությունն ու փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում