ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի մերձակա Կրծանիսում ՆԱՏՕ-ի եւ Վրաստանի մարզման եւ գնահատման համատեղ կենտրոնի տարածքում նոյեմբերի 10-ից մինչեւ 20-ը կանցկացվեն «ՆԱՏՕ-Վրաստան-2016» հրամանատարաշտաբային վարժանքները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Վրաստանի պաշտպանության նախարարությունը:
Գերատեսչության տվյալներով՝ վարժանքներին, Վրաստանի զինված ուժերի սպաների հետ միասին, կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ 11 երկրների (Բելգիա, Բուլղարիա, Մեծ Բրիտանիա, Հունգարիա, Լատվիա, Լիտվա, Նիդեռլանդներ, Սլովենիա, Ռումինիա, Թուրքիա, ԱՄՆ) եւ դաշինքի գործընկեր երկու պետությունների (Մակեդոնիա եւ Ուկրաինա), ինչպես նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարիատի եւ Save The Children միջազգային բարեգործական կազմակերպության ներկայացուցիչները: Զորավարժություններին մասնակցող երկրների զորակազմերի թվաքանակի վերաբերյալ տեղեկություններ չեն ներկայացվում:
Պաշտպանական գերատեսչության տվյալներով՝ խոսքը վերաբերում Է «համատեղ բազմազգ հրամանատարաշտաբային վարժանքներին՝ բրիգադների մակարդակով հրամանատարների ու շտաբների մասնակցությամբ»: «Վարժանքների նպատակը Վրաստանի, ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ու գործընկերների զինված ուժերի համատեղելիության ապահովումն Է»,-հայտնել Է պաշտպանության նախարարությունը, հաղորդել Է «Գրուզիա Online»-ը: