Նախագահ Սերժ Սարգսյանը Վանաձորում ներկա է գտնվել տեխնոլոգիական կենտրոնի բացմանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ: Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի բացման արարողությանը, որի հիմնման ծրագիրը իրականացվել է ՀՀ կառավարության կողմից՝ գլխավոր օպերատոր ճանաչված «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի միջոցով: Ծրագիրն ուղղված է Վանաձորում ժամանակակից գիտելիքահենք և ինովացիոն ենթակառուցվածքներով հագեցած տեխնոլոգիական կենտրոնի ստեղծմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, որակյալ տեխնոլոգիական մասնագետների պատրաստմանն ու վերապատրաստմանը, ինչպես նաև մարզի սկսնակ ընկերություններին և անհատ ձեռնարկատերերին բիզնես աջակցության տրամադրմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին, ընձեռած հնարավորություններին, իրականացվող ծրագրերին և զարգացման հեռանկարին:

Ոլորտի պատասխանատուները և տեխնոլոգիական կենտրոնի ներկայացուցիչները Հանրապետության Նախագահին ներկայացրել են կենտրոնում արդեն գործող տեղեկատվական տեխնոլոգիաների և ճարտարագիտական ոլորտների ուսումնական լաբորատորիաները, սկսնակ թիմերի համար ստեղծված համատեղ աշխատանքային տարածքը, մետաղամշակման գերժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիան, որը, նրանց հավաստմամբ, բացառիկ հնարավորություն կընձեռի ճարտարագիտական ոլորտում (ներառյալ` ճշգրիտ ճարտարագիտություն, մեքենաշինություն, մաքուր տեխնոլոգիաներ) նախատիպերի մշակման, փորձարկման և նոր արտադրանքների ու լուծումների մշակման համար՝ խթանելով նորարարությունների զարգացումը Հայաստանում և հնարավորություն ընձեռելով գյուտարարներին, տեխնոլոգիական ընկերություններին և գիտնականներին զգալիորեն արագացնել գյուտի կամ նոր արտադրանքի մուտքը շուկա:

ՀՀ Նախագահին զեկուցել են նաև, որ կենտրոնի գործունեության ընթացքում առնվազն 150 թիմերի, ընկերությունների, գյուտարարների և անհատ ձեռներեցների տրամադրվել են բիզնես աջակցության ու խորհրդատվական ծառայություններ: Նախատեսվում է, որ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի գործունեության արդյունքում կձևավորվեն առնվազն 150 ուղղակի և 1000 անուղղակի աշխատատեղեր՝ շուրջ 300 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, տարեկան կպատրաստվի և կվերապատրաստվի առնվազն 500 մասնագետ, աջակցություն կստանան տարեկան առնվազն 50 թիմ և կազմակերպություն։

Ի նշանավորումն տեխնոլոգիական կենտրոնի բացման, Նախագահ Սերժ Սարգսյանը շրջայցի ավարտին եղևնի է տնկել կենտրոնի բակում:

Հանրապետության Նախագահի այցը Լոռու մարզ շարունակվում է:

Հայերեն العربية English Русский

Ջո Բայդենը Սպիտակ տան մուտքի առաջ ողջունել է Դոնալդ Թրամփին՝ մինչ վերջինիս երդմնակալության արարողությունը

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Դոնալդ Թրամփի երդմնակալությանը

Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության առաջատարն անփոփոխ է

Դոնալդ Թրամփի հազարավոր աջակիցներ հերթ են կանգնել նրա երդմնակալության արարողությանը հետևելու համար

ՀՀ և ԻԻՀ ԱԳ փոխնախարարներն ընդգծել են միմյանց արտաքին քաղաքական առաջնահերթությունների նկատմամբ փոխադարձ հարգանքը

Ռաֆայել Երիցյանը չի ընտրվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Դոնալդ Թրամփին երդմնակալության կապակցությամբ

Շախմատի կանանց առաջնությունում նոր առաջատար կա

Հայաստանի ֆուտբոլի թիմն ընկերական խաղ կանցկացնի Չեռնոգորիայի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը