ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդարադատության ակադեմիայի 22 դասավանդողների հոկտեմբերի 4-ին հանձնվեցին հավաստագրեր վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միջոցառմանը ներկա էին Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին և Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը։
Նատալյա Վուտովան բարձր գնահատեց Եվրոպայի խորհրդի և Արդարադատության ակադեմիայի համագործակցությունը։ Նա նշեց, որ պատրաստված դասընթացների և դասավանդողների ստեղծված խմբի կարևորությունը շատ մեծ է։
ՀՀ գլխավոր դատախազ ԱրթուրԴավթյանն էլ իր հերթին բարձր գնահատեց միջազգային կառույցների և Հայաստանի արդարադատության համակարգի համագործակցությունը։ «Մենք հետևողական ենք դատախազների մասնագիտական որակների բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքների նկատմամբ և պատրաստ ենք համագործակցել դրան նպաստող տեղական և միջազգային կառույցների հետ»,- նշեց Դավթյանը։
Միջոցառումը կազմակերպվել էր «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի ու անպատժելիության դեմ» ծրագրի կողմից, որը ֆինանսավորվում է ԵՄ և Եվրոպայի խորհրդի Արևելյան գործընկերության 2015-2017 թվականների ծրագրային համագործակցության կառուցակարգի շրջանակներում: