Հասարակական

Հայաստանում ապրում է 100 տարեկանից բարձր տարիքի 102 անձ

2 րոպեի ընթերցում

Հայաստանում ապրում է 100 տարեկանից բարձր տարիքի 102 անձ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐՍ: Հայաստանը համալրել է ծերացող երկրների շարքը: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության` մեր բնակչության թիվը կազմում է 2 մլն 995 հազար, որից 387 հազարը տարեց է: Այսինքն` բնակչության 12,9 տոկոսը տարեցներն են: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանը:

«Պատճառները տարբեր են` ծնելիության նվազում, արտագաղթ, աշխատունակ երիտասարդության թվի նվազում, արդյունքում` ավելանում է տարեցների թիվը: Եթե այս տեմպերով շարունակվի, ապա ծերացումը կբերի տնտեսական հետևանքների: Իրավիճակը շտկելու համար պետք է երկրի տնտեսությունը զարգանա, աշխատատեղեր ստեղծվեն, որ երիտասարդները մնան Հայաստանում, իսկ տարեցների համար էլ ապահովվեն արժանապատիվ պայմաններ: Որքան էլ ասում ենք՝ ծերերը մեր հարստությունն են, բայց ազգի ծերացումն իր հետ բերում է տնտեսական, սոցիալական լուրջ խնդիրներ»,-ասաց Անահիտ Գևորգյանը: Նրա խոսքով, ազգի ծերացումը միայն Հայաստանին չէ բնորոշ, այս խնդրի առաջ են կանգնած բազմաթիվ պետություններ: Եվրոպայում ծերացման միջին ցուցանիշն ավելի բարձր է, քան Հայաստանինը, այնտեղ միջին տոկոսը 20 է:

Հայաստանում ապրում է 90 տարեկանից բարձր տարիքի 6 հազար 500, 100 տարեկանից բարձր տարիքի 102 և 115 տարեկան երկու անձ: 115 տարեկան տարեցներն ապրում են Արարարատի մարզում: Հայաստանում միջին կենսաթոշակը կազմում է 40 հազար դրամ:

Հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օրն է: Այս օրը ՄԱԿ-ի կողմից ընդունվել է 1991 թվականին, իսկ Հայաստանն այն նշում է 1993 թվականից սկսած:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում