Պաշտոնական

Սերժ Սարգսյանը Բիշկեկում մասնակցում է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին

2 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը Բիշկեկում մասնակցում է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բիշկեկում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցում է աշխատանքային այցով Ղրղզստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստը նախագահում է հյուրընկալող երկրի Նախագահ Ալմազբեկ Աթամբաևը:

Խորհրդի նեղ, ապա դրան հաջորդող ընդլայնված կազմով նիստերում պետությունների ղեկավարները օրակարգի շրջանակներում կքննարկեն քաղաքական, տնտեսական, հումանիտար, անվտանգության ապահովման ոլորտներում Համագործակցության անդամ պետությունների փոխգործակցությանը, նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդեցությանը վերաբերող ավելի քան մեկ տասնյակ հարցեր, որից հետո տեղի կունենա փաստաթղթերի ստորագրման արարողություն: Խորհրդի աշխատանքի արդյունքները ԶԼՄ-ների հետ հանդիպմանը կամփոփի ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Նախատեսվում է, որ նախագահները Բիշկեկում ի թիվս այլ փաստաթղթերի կստորագրեն ԱՊՀ 25-ամյակի կապակցությամբ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների հայտարարությունը, որում կամփոփվեն ԱՊՀ քսանհինգամյա գործունեության արդյունքները, ինչպես նաև կնախանշվեն հետագա համագործակցության ընդլայնման ու խորացման հեռանկարները` ժամանակակից իրողություններին ԱՊՀ-ի համապատասխանեցման համատեքստում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում