Պաշտոնական

ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Սերժ Սարգսյանին

3 րոպեի ընթերցում

ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Սերժ Սարգսյանին

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին օգոստոսի 30-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նորանշանակ դիվանագետն իր կարևոր ներդրումը կունենա տարբեր ոլորտներում երկկողմ կապերի խորացման և հայ-վրացական բարեկամության առավել ամրապնդման գործում: Գոհունակությամբ արձանագրելով, որ վերջին տարիներին բավականին աշխուժացել են բարձր մակարդակի միջպետական շփումները՝ Նախագահը նշել է, որ Հայաստանում սիրով սպասում են Վրաստանի վարչապետի առաջիկա պաշտոնական այցին:

Դեսպան Սագանելիձեն վստահեցրել է, որ իր գործունեության ընթացքում կանի ամեն հնարավորը Հայաստանի և Վրաստանի միջև գոյություն ունեցող սերտ բարիդրացիական հարաբերությունները խորացնելու ուղղությամբ և հավելել, որ իր համար մեծ պատիվ է պաշտոնավարել մի երկրում, որի դարավոր պատմությանն ու մշակույթին քաջածանոթ է:

Զրուցակիցներն ընդգծել են, որ ավանդական բարեկամության և երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման պատմական հիմքի վրա խարսխված ակտիվ միջպետական երկխոսությունը համագործակցության նորանոր ուղղություններ նախանշելու ամուր հիմք է:

Նախագահ Սերժ Սարգսյանը և դեսպան Գիորգի Սագանելիձեն համակարծիք են եղել, որ բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններին զուգահեռ կան լայն հնարավորություններ և չօգտագործված մեծ ներուժ՝ զարգացնելու առևտրատնտեսական հարաբերությունները, ընդլայնելու փոխգործակցությունը հեռանկարային մի շարք ոլորտներում, ինչպիսիք են՝ զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, էներգետիկան, մշակույթը և այլն:

ՀՀ Նախագահը և Վրաստանի դեսպանը երկուստեք կարևորել են նաև միջխորհրդարանական կապերի սերտացման ուղղությամբ ակտիվ աշխատանքը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում