Վերջին մեկ տարում դոլարի փոխարժեքն Ադրբեջանում աճել է 100 տոկոսից ավելի
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում դոլարի փոխարժեքը մեծանալու հետ բանկերը եւս բարձրացրել են ամերիկյան արտարժույթի գնման եւ վաճառքի գները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով marja.az լրատվական կայքը, վերջին մեկ տարում դոլարի փոխարժեքն Ադրբեջանում 100 տոկոսից ավելի աճել է` հասնելով մեկ դոլարի դիմաց 1,65 մանաթի:
2016 թվականի օգոստոսի 2-ին Bank of Baku բանկը մեկ դոլարը գնել է 1,63 մանաթով եւ վաճառել 1,6430 մանաթով: Yapı Kredi Bank Azərbaycan բանկը դոլարը վաճառել է 1,6517 մանաթով: 1,65 մանաթից բարձր գնով դոլար են վաճառել AgBank, AccessBank, CDB Bank բանկերը:
Չնայած այդ իրողությանը՝ Ադրբեջանի կենտրոնական բանկը 2016 թվականի օգոստոսի 2-ի համար USD/AZN փոխարժեքը սահմանել է 1,5883 մանաթ մակարդակի:
«Ազադլըգ» թերթն ավելի վաղ հայտնել էր, որ ադրբեջանցի հայտնի տնտեսագետ-փորձագետ Նեմաթ Ալիեւը facebook-ի իր էջում հայտնել է, որ անցյալ տարի նավթի համաշխարհային գների եւ մանաթի փոխարժեքի անկումից հետո Ադրբեջանում արտադրվող համախառն ներքին արդյունքը 2016 թվականի առաջին կեսին 9,7 մլրդ դոլարի կորուստ է ունեցել: Այդ կորուստների 70 տոկոսն ընկնում է ոչ նավթային բնագավառների բաժնեմասին: Նման վիճակը ի չիք է դարձնում ոչ նավթային հատվածի ապագայի հետ կապված բոլոր հույսերը:
Fins.az լրատվական կայքը հայտնել է, որ 2016 թվականի առաջին կիսամյակում Ադրբեջանի արտաքին առեւտրային շրջանառությունը կազմել է 7,868 մլրդ դոլար, ինչն այդ երկրի Մաքսային կոմիտեի համաձայն` անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ, 28,05 տոկոսով ցածր է:
Այս տարվա առաջին կեսին, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 38,67 տոկոսով նվազել է Ադրբեջանից ապրանքների արտահանման ծավալը, իսկ ներմուծման ծավալը կրճատվել է 13,98 տոկոսով:
2016 թվականի առաջին կեսին Ադրբեջանի արտաքին առեւտրում բացասական հաշվեմնացորդը կազմել է 225 մլն 770 հազար դոլար:
Հղում կատարելով Ադրբեջանի ԿԲ-ին` ԱՊԱ լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Ադրբեջանի կենտրոնական բանկի արտարժույթի պահուստը 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 4,2839 մլրդ դոլար, ինչը 4,2363 մլրդ դոլարով կամ 1,99 անգամ փոքր է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանում եղած ցուցանիշից: Ըստ տեղեկատվության` հունիսին Ադրբեջանի ԿԲ-ի արտարժույթի պահուստը, մայիսի համեմատ, 0,4 մլն դոլարով կամ 0,01 տոկոսով նվազել է: