Տարածաշրջանային

Թուրքիայում ձերբակալվել է Ինջիրլիքի ռազմաբազայի թուրք հրամանատարը

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում ձերբակալվել է Ինջիրլիքի ռազմաբազայի թուրք հրամանատարը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազայի թուրք հրամանատար, գեներալ Բեքիր Էրջան Վանը ձերբակալվել է երկրում ռազմական հեղաշրջման փորձ իրականացնելու մեղադրանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական The Wall Street Journal-ը:

Բարձրաստիճան թուրք պաշտոնյան հայտնել է, որ հրամանատարից բացի ձերբակալվել են նաև բազայում ծառայող 11 այլ զինվորականներ և մեկ ոստիկան:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, խոսելով CNN-ի հետ, հույս է հայտնել, որ Թուրքիայում ծավալվող գործողությունները չեն դադարեցնի Ինջիրլիքի ռազմաբազայից ԱՄՆ գործողություններն ընդդեմ «Իսլամական պետություն» խմբավորման:

Ամերիկյան The New York Times պարբերականն էլ, հղում անելով անանուն աղբյուրին, գրում է, որ Ինջիրլիքի ռազմաբազայի հրամանատարն ապաստան է խնդրել Միացյալ Նահանգներից, որը, սակայն, մերժվել է:

Թուրքիայում հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման ժամանակ տարբեր քաղաքներում սկսված բախումների հետևանքով զոհվել է շուրջ 290 մարդ: Վիրավորների թիվը հասնում է շուրջ 2000-ի: Կատարվածից հետո ձերբակալվել է մոտ 6 հազար մարդ:

Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն տուժել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում