ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիացի լուսանկարիչ և վավերագրական կինոյի ռեժիսոր Պիտեր Յան դը Պյուն «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնին ներկայացնում է փաստագրական ժանրում նկարահանած իր առաջին աշխատանքը` «Լուսավորյալների երկիրը»: Այն ընդգրկված է խաղարկային ֆիլմերի ցանկում:
Յան դը Պյուն մասնակցել է Ռոտերդամի և Հոնգ Կոնգի փառատոններին, ինչպես նաև արժանացել է մրցանակի Թել Ավիվում և Սանդենս միջազգային հեղինակավոր մրցույթում: Նա ֆիլմի ռեժիսոր-օպերատորն է, ով պատմում է Աֆղանստանում տաժանակիր աշխատանք անող երեխաների, նրանց առօրյայի ու երազանքների մասին:
RITCS կինոակադեմիայի շրջանավարտը աշխատել է տարբեր մարդասիրական կազմակերպություններում Աֆղանստանում: «Ես ուզում էի հասկանալ այդ մարդկանց, նրանց լեզուն, այլ ոչ թե միայն լուսանկարել նրանց: Ինձ հետաքրքիր էր այդ ճամփորդությունների ընթացքում տեսնել, թե ինչպես են ապրում երեխաները և ինչ երազանքներ նրանք ունեն»,- պատմեց ռեժիսոր-օպերատորը:
2008-ին նա որոշեց մի կողմ թողնել լուսանկարչությունը մարդասիրական կազմակերպությունների համար ու փոխարենը ֆիլմ նկարահանել: Ընթացքը երկար էր ու դժվար: Հեղինակն ամենասկզբից գիտեր, որ արդյունքը վավերագրական ու փաստագրական ժանրերի խառնուրդ կլինի, սակայն նա ուզում էր ցույց տալ նաև պատմության պոետիկ կողմը: Ֆիլմն ամբողջությամբ նկարահանվել է ժապավենի վրա:
«Ես ութը տարի անցկացրել եմ Աֆղանստանում: 2013 թ. թալիբները մեզ վրա հարձակվեցին: Մենք չափազանց նկատելի էինք, իսկ մեր պլանները` ակնհայտ, ուստի հարկ եղավ փոխել աշխատաոճը»,- «Արմենպրես»-ի տեղեկացմամբ` ասաց ֆիլմի հեղինակը: Շատերը նկարահանող խմբի հանդեպ կասկածներ ունեին, կարծում էին, թե նրանք աշխատում են ԱՄՆ-ի կամ թալիբների համար: Բացի այդ` նրանց թույլտվություն էր պետք նկարահանելու համար: Այդ ժամանակ ռեժիսորը հասկացավ, որ ավելի ճիշտ կլինի, եթե իր թիմը բաղկացած լինի աֆղան դերասաններից, ում հետ նա արդեն իսկ ընկերացել էր: Նա սկսեց պարապել աֆղան արտիստների հետ, ովքեր կօգնեին նրան նկարահանումներ անցկացնել:
Ութը տարի տևած նկարահանումների ընթացքում Դը Պյուն ստացավ մի ֆիլմ, որը փոխանցում է աֆղան երեխաների ներքին գեղեցկությունը` հակադրելով այն գոյատևման դաժանությանը և ապացուցելով նրանց աներևակայելի դիմացկունությունը: