ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մասնագիտությամբ լրագրող Գունար Բերգդալը երրորդ անգամ է մասնակցում «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնին: Նա նաև Գյոթեբորգի միջազգային կինոփառատոնի տնօրենն է, ում ֆիլմերը բազմիցս ցուցադրվել են Հայաստանում: Այս տարի «Ոսկե ծիրան»-ին նա ներկայացնում է «Երկաթգիծ» վավերագրական ֆիլմը:
Կինոյի պատմությունը սկսվել է գնացքներից, որոնք մեծ տեղ ունեն կինոյում, սակայն այս ֆիլմը յուրահատուկ մոտեցում ունի այդ տրանսպորտի նկատմամբ: «Երկաթգիծ» ֆիլմը պատմում է այն մարդկանց մասին, ովքեր ինքնասպանություն են գործում` ընկնելով գնացքի տակ: Սակայն այն նկարահանված է ոչ թե ինքնասպանություն գործող մարդկանց անունից, այլ մեքենավարների, ում գնացքի տակ են ընկում ինքնասպանները:
Բերգդալը պատմեց, թե ինչպես մի օր՝ տասը տարի առաջ, շվեդական գնացքում միակ ուղևորն է եղել: Մեքենավարը կանչել է նրան նստելու իր կողքը և զրուցելու: «Նոյեմբեր ամիսն էր, շատ մառախլապատ էր, ու առավոտյան հետաքրքիր լույս էր թափանցում, երբ մենք Նորվեգիայի արևմտյան կողմով էինք ընթանում: Այդ գեղեցիկ տեսարանն իմ մեջ շատ տպավորվեց, և ես մտապահեցի այն՝ հետագայում ֆիլմ նկարահանելու համար»,- պատմեց ֆիլմի ռեժիսորը: Սակայն Բերգդալը որոշեց այդ տեսարանի գեղեցկությանը հակադրել շատ մռայլ գաղափար` ինքնասպանությունը: Ռեժիսորն ընդգծեց, որ Շվեդիայում ինքնասպանությունները միջինից մոտ 5 անգամ ավելի հաճախ են լինում, սակայն բավականաչափ ռեսուրսներ չեն տրամադրվում` դա կանխարգելելու: Նա հույս հայտնեց, որ այս ֆիլմն առիթ կտա մտածելու այդ թեմայի շուրջ և ինչ-որ կերպ բարելավելու վիճակը:
Ֆիլմի համահեղինակը նրա կինն է` Անիկա Կարլսոն Բերգդալը: Ֆիլմում հիմնական շեշտը դրված է ձայների վրա: Ռեժիսորն ուրախությամբ նշեց, որ, չնայած որոշ կասկածների, նման գեղարվեստական լուծումը բարեհաջող արդյունք ունեցավ և ընդունվեց հանդիսատեսի կողմից: