ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դավիթ Սաֆարյանն իր «28:94 տեղական ժամանակ» ֆիլմով առաջին անգամ է մասնակցում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին, ներկայանում է որպես ռեժիսոր: «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթում առաջին անգամ ցուցադրվելու է ֆիլմի ռեժիսորական տարբերակը:
Գլխավոր դերակատարներն են Աշոտ Ադամյանը, Յանա Դրուզը և Վիգեն Ստեփանյանը: Բացի այդ, այս ֆիլմում իրենց վերջին դերերն են կատարել Կարեն Ջանիբեկյանն ու Հեղինե Հովհաննիսյանը: Սցենարի համահեղինակներն են Դավիթ Սաֆարյանը և Յանա Դրուզը:
Սաֆարյանը նշեց, որ ընտրված թվերը հատուկ նշանակություն չունեն: Ֆիլմը բարդ, հակասական ժամանակի մասին է` քաջ ծանոթ մութ ու ցուրտ իննսունականների: Ռեժիսորի խոսքով` ֆիլմում կան շատ մութ կադրեր, սակայն, ընդհանուր առմամբ այն լուսավոր է: «Հիմնական գաղափարը անմարդկային կենսապայմաններում մարդկային դեմքը պահպանելու դժվարությունն է: Կարծում եմ` ֆիլմն արժեքավոր է իր ուժեղ տեսարաններով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հավելեց ֆիլմի հեղինակը:
Ֆիլմը ցուցադրվել է նաև քսանվեց րոպե կրճատմամբ՝ «Տաք երկիր, ցուրտ ձմեռ» խորագրով, սակայն Սաֆարյանը կարծում է, որ այդ տարբերակում որոշ «մեխանիզմներ» չեն գործում: «Ֆիլմի ամբողջական և կրճատ տարբերակներն ինձ համար նույնատիպ, բայց տարբեր ֆիլմեր են»,- մեկնաբանեց հեղինակը: