Պաշտոնական

Սերժ Սարգսյանն ու Հերբերտ Զալբերը քննարկել են ԼՂ հակամարտության վերջին զարգացումները

2 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանն ու Հերբերտ Զալբերը քննարկել են ԼՂ հակամարտության վերջին զարգացումները

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 6-ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն համագործակցությանն ու հարաբերությունների զարգացման ընթացքին, նաև մտքեր են փոխանակել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից հետո ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումների, ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ու գործընթացն առաջ մղելու հեռանկարի վերաբերյալ:

Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու Եվրամիության հանձնառությունը և տարածաշրջանում տևական խաղաղություն ու կայունություն ապահովելու ուղղությամբ ջանքերը:

Հյուրի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի կողմից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, հիմնախնդրի լուծմանը խաղաղ բանակցությունների միջոցով հասնելու ջանքերը և վստահեցրել, որ հայկական կողմը պատրաստ է շարունակել կառուցողական քայլերն ու համագործակցությունը՝ ի նպաստ խաղաղության հաստատման ու տարածաշրջանում անվտանգության ապահովման:

ՀՀ Նախագահը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը համակարծիք են եղել, որ ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում են, և այդ զարգացման շարժիչ ուժը երկկողմ քաղաքական կամքն ու հանձնառությունն են: Զրուցակիցները հույս են հայտնել, որ ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցություններն առաջիկա ամիսներին հաջողությամբ կավարտվեն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում