Քաղաքականություն

Վլադիմիր Վարդանյանը լավատես է Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունման հարցում

3 րոպեի ընթերցում

Վլադիմիր Վարդանյանը լավատես է Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունման հարցում

ԵՐԵՎԱՆ, 4 Հուլիսի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդկության դեմ ուղղված հանցագործությունների՝ այդ թվում Հայոց ցեղասպանության հերքման համար պատասխանատվություն նախատեսող Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի ընդունած օրինագծի մասին է խոսել միջազգային իրավունքի փորձագետ Վլադիմիր Վարդանյանը: Լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նա հիշեցրել է, որ ստորին պալատի ընդունած օրինագծի առաջին փորձը հաջողությամբ չի պսակվել ասաց նա:

«Առաջին անգամ Ֆրանսիայի խորհրդարանը բավականին երկարատև և լուրջ քննարկումների արդյունքում ընդունել էր Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծ: Սակայն այն Նիկոլա Սարկոզին անմիջապես չստորագրեց, և Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական ճանաչեց այդ օրենքը՝ պատճառաբանելով, որ այն հակասում էր Ֆրանսիայի հիմնական օրենքին՝ խոսքի ազատության տեսանկյունից: Եվ այն կյանքի չկոչվեց»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ասաց փորձագետը:

Վլադիմիր Վարդանյանի խոսքով և՛ նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, և՛ գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը իրենց նախընտրական խոստումներում մշտապես ցուցադրել են Հայոց ցեղասպանությունը հերքելու համար պատասխանատվություն նախատեսող օրինագիծ ընդունելու պատրաստակամություն, և այդ նախագիծը, որը ներկայացված է խորհրդարանում, այդ խոստման բաղկացուցիչ մասն էր: «Իմ կարծիքով, դեռ շատ վաղ է խոսել օրենքի մասին, դեռ անհրաժեշտ են սենատի հավանությունը, ինչպես նաև նախագահի կողմից այն ստորագրելու ընթացակարգի ապահովումը և օրենքի ուժի մեջ մտնելը: Սակայն որոշակիորեն կարելի է լավատես լինել. հիմա նոր օրենք կա, որն ավելի է համապատասխանում այն սահմանադրական զարգացումներին, որոնք այսօր Ֆրանսիայում կան»,- ասաց բանախոսը:

Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ դեռևս անցյալ տարի Հռոմի պապի կողմից հայերի ջարդը «ցեղասպանություն» որակելը Հայոց ցեղասպանության ճանաչման և որակման ճանապարհ հարթեց այլ խորհրդարանների համար: Այդ առումով և՛ Բունդեսթագի որոշումը, և՛ Ֆրանսիայում այս օրինագծի նախատեսումը այդ գործընթացի տրամաբանական շարունակությունն է:

Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումն սկսվել է դեռևս 90-ականների երկրորդ կեսին: Ֆրանսիան այն եզակի պետություններից է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչել է ոչ միայն խորհրդարանի մակարդակով, այլև համապատասխան օրինագիծ է ընդունել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում