Քաղաքականություն

Հայաստանը միացել է Հայրենական պատերազմի մեկնարկի 75-ամյակին նվիրված ԵԱՀԿ երկրների հայտարարությանը

5 րոպեի ընթերցում

Հայաստանը միացել է Հայրենական պատերազմի մեկնարկի 75-ամյակին նվիրված ԵԱՀԿ երկրների հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ-ում Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության. Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչները հայտարարություն են տարածել 1941-1945թթ. Հայրենական Մեծ պատերազմի մեկնարկի 75-ամյակի կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.

«1941թ. հունիսի 22-ին մեր երկրների ժողովուրդները ենթարկվեցին համաշխարհային պատմության ամենասարսափելի հարձակմանը, որի նպատակն էր ոչ միայն զավթողականությունը, այլև ողջ մնացածների լիակատար ոչնչացումը և ստրկացումը: Խորհրդային Միության վրա հիտլերյան Գերմանիայի և նրա դաշնակիցների հարձակումը հարցականի տակ դրեց մեր ժողովուրդների՝ ապագա ունենալու հնարավորությունն իսկ: Հայրենական Մեծ պատերազմը դարձավ Եվրոպայի պատմության առավել ողբերգական էջերից մեկը: Նացիստների հանցագործությունները, ներառյալ՝ Հոլոքոստը, կրակի հանձնված քաղաքները և գյուղերը, մահվան ճամբարները ծանր վերքեր պատճառեցին ԽՍՀՄ բոլոր ժողովուրդներին, ինչպես նաև նրանց արտերկրյա համայնքներին, որոնք իրենց կարևոր ներդրումն էին ունեցել ընդհանուր Հաղթանակին հասնելու գործին: Հանուն Հաղթանակի նրանք 27 մլն կյանք զոհեցին, ինչը Երկրորդ համաշխարհային պատերազմի բոլոր զոհերի թվի գրեթե կեսն է:

Այդ ժամանակ հակահիտլերյան կոալիցիայի անդամները կարողացան վեր կանգնել ամբիցիաներից և իրենց բաժանող տարաձայնություններից, որպեսզի միասին դիմակայեն ընդհանուր թշնամուն և ջախջախեն հանցավոր գաղափարախոսությունը: Այդ հերոսական օրերի օրինակը արդիական է նաև այսօր՝ նոր սպառնալիքներին ընդառաջ: Բացահայտորեն իրականացվում է նացիստական գաղափարների և արժեքների քարոզում, հնչում են էթնիկ հողի վրա բռնությունների կոչեր: Նեոնացիստական շարժումները և խմբավորումները, աջ ծայրահեղական կուսակցականները բացեիբաց գործունեություն են ծավալում ԵԱՀԿ տարածաշրջանի մի շարք երկրներում՝ կիրառելով նացիստական սիմվոլիկա ու կարգախոսներ: Փորձ է կատարվում հավասարեցնել զոհին և դահճին, հերոսի շարքին դասել նացիստներին և նրանց հետնորդներին: Առավել սարսափելի է, որ այդպիսի երևույթները տեղի են ունենում նաև այնպիսի երկրներում, որոնք հենց իրենք են անցել պատերազմի դժվարագույն փորձությունների միջով:

Հետպատերազմյան պատմության մեջ մեկ անգամ չէ, որ ատելության հռետորաբանությունը հանգեցրել է զանգվածային բռնությունների և դաժան սպանությունների, որոնք իրենց վայրագություններով հիշեցնում են նացիստների հանցագործությունները: Այս ամենը անարգում է միլիոնավոր զոհերի հիշատակը, սպառնում ժողովրդավարության և մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներին, լարվածություն հրահրում ԵԱՀԿ տարածաշրջանում: Այդ իսկ պատճառով մեր երկրները հետևողականորեն հետ են մղելու նրանց, ովքեր ձգտում են վերանայել պատերազմի արդյունքները և աղավաղել պատմությունը:

Մենք վճռականորեն դատապարտում ենք նացիզմի հերոսացման ցանկացած փորձ, նեոնացիստական տրամադրությունների աճը և պատմությունը վերափոխելուն, Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների խեղաթյուրմանը ու վերանայմանն ուղղված ջանքերը: Անթույլատրելի ենք համարում բաժանարար գծերի ու փակ սահմանների, ինչպես նաև ՄԱԿ Անվտանգության խորհրդի շրջանցմամբ պատժամիջոցների պահպանումը և նորերի ի հայտ գալը:

Ողբերգական այդ տարիների դասերը վկայում են այն բանի մասին, որ բազմաթիվ մարտահրավերներին օպտիմալ պատասխաններ գտնելու ուղղությամբ կոլեկտիվ դիվանագիտական աշխատանքն այլընտրանք չունի: Վստահ ենք, որ իրական անվտանգությունը պետք է լինի հավասար և անբաժանելի՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների և կառուցողական համագործակցության վրա: Մեր պետությունները հաստատում են իրենց վճռականությունը՝ առավելագույն ջանք գործադրելու խաղաղության պահպանման, զինված հակամարտությունների կանխարգելման, վեճերի խաղաղ կարգավորման, միջազգային անվտանգության մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու նպատակով:

Հիմք ենք ընդունում այն հանգամանքը, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի՝ ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ և միջազգային այլ փաստաթղթերում ամրագրված արդյունքների ամբողջական ճանաչումը հրամայական է բոլոր պետությունների համար անխտիր»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում