Պաշտոնական

Սերժ Սարգսյանն ընդունել է Արգենտինայի Ազգային բանկի նախագահին

3 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանն ընդունել է Արգենտինայի Ազգային բանկի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 22-ին ընդունել է Արգենտինայի Ազգային բանկի նախագահ Կառլոս Մելքոնյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին մեր երկրում և հանդիպման պատեհ առիթով ևս մեկ անգամ շնորհավորել նրան Արգենտինայի Ազգային բանկի նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ այդ պատասխանատու պաշտոնում: Հանրապետության Նախագահը նշել է, որ Հայաստանում մշտապես հպարտությամբ և ուրախությամբ են արձագանքում արտերկրում ապրող մեր հայրենակիցների՝ տարբեր բնագավառներում ունեցած ձեռքբերումներին, քանզի նրանց նվաճումները պատիվ ու բարի համբավ են բերում համայն հայությանը` նպաստելով նաև երկկողմ միջպետական հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը: Հայ-արգենտինյան բարձր մակարդակի հարաբերությունների կայացման գործում, Նախագահի գնահատմամբ, նշանակալի է արգենտինահայ համայնքի ակնառու գործիչների, այդ թվում՝ հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանի ավանդը: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Արգենտինայի Ազգային բանկի նախագահի այցն իր նպաստը կբերի Հայաստանի և Արգենտինայի բանկային համակարգերի միջև սերտ համագործակցության ծավալմանը:

Զրուցակիցները մեծապես կարևորել են նմանօրինակ այցելությունները, որոնք, նրանց համոզմամբ, նոր լիցք են հաղորդում երկկողմ հարաբերություններին և լավ հնարավորություն ընձեռում քննարկելու միջպետական փոխգործակցության տարաբնույթ հարցեր:

Կառլոս Մելքոնյանը ՀՀ Նախագահին է փոխանցել Արգենտինայի Հանրապետության Նախագահ Մաուրիսիո Մակրիի ջերմ ողջույններն ու հայ-արգենտինյան հարաբերություններն ավելի խորացնելու և ամրապնդելու նրա մեծ ցանկությունն ու պատրաստակամությունը:

Հանդիպմանը Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործում Արգենտինայի իշխանությունների և ժողովրդի ծանրակշիռ ավանդը:

ՀՀ Նախագահը և Արգենտինայի Ազգային բանկի նախագահը Հայաստան-Արգենտինա փոխգործակցության համատեքստում առանձնակի կարևորել են առևտրատնտեսական կապերի խորացումն ու ակտիվացումը: Նրանք համակարծիք են եղել, որ այդ հարցում զգալի դեր կարող է ունենալ Արգենտինայի Ազգային բանկը:

Կառլոս Մելքոնյանը նշել է, որ Հայաստան այցելությունն իր համար ոչ միայն կարևոր է մասնագիտական և արարողակարգային տեսանկյունից, այլև անչափ հուզական է՝ նկատի առնելով, որ այցելել է իր նախնիների երկիր, որտեղից նրանք անցյալ դարասկզբին Հայոց ցեղասպանության հետևանքով ապաստան են գտել հեռավոր Արգենտինայում: Արգենտինայի Ազգային բանկի նախագահը հպարտությամբ է խոսել իր երկրում բնակվող հայերի մասին, ովքեր, նրա խոսքով, մեծ հարգանք և հեղինակություն են վայելում արգենտինյան հասարակության մեջ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում