Հային պետք են ամուր ոտքեր. քուվեյթահայ գործարարի ներդրումներով Երևանում դռները բացեց «Հելիոս պոդոլոգիան»

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսության մեջ և առողջապահական համակարգում արդեն մոտ տասը տարի ներդրում ունեցող սփյուռքահայ գործարար Հելեն Ազարյանը նոր կենտրոն է հիմնում Հայաստանում` ստեղծելով նոր աշխատատեղեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` բժշկական կենտրոնի բացման պաշտոնական արարողությանը մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, 2013 թվականին Տարվա լավագույն կին գործարար ճանաչված Հելեն Ազարյանը, բարձրաստիճան այլ հյուրեր, ճանաչված բժիշկներ: Խորհրդանշական ժապավենը կտրեցին Հրանուշ Հակոբյանը, մաշկաբան-վեներոլոգ, պրոֆեսոր Էդուարդ Դանիելյանը և Հելեն Ազարյանը:

«Հելիոս» բժշկական առաջին կենտրոնը քուվեյթահայ գործարարը բացել է 2007թ.՝ առողջ ու գեղեցիկ ապրելակերպի տարածման գաղափարախոսությամբ` մատուցելով էսթետիկ և բուժական ծառայություններ: Անցած տարիների ընթացքում կենտրոնն ընդլայնել է ծառայությունների ցանկը՝ աշխատատեղով ապահովելով մի քանի տասնյակ մարդու. այսօր արդեն Երեւանի սրտում՝ Ամիրյան 27/1 հասցեում, իր դռներն է բացում մեծ, ընդարձակ ու ժամանակակից բժշկական նոր կենտրոն՝ Հայաստանում առաջին անգամ ոտնաթաթի խնամքին տալով բուժական նշանակություն: «Հելիոս պոդոլոգիան» մատուցում է ոտնաթաթի և ձեռքերի բժշկական խնամքի ծառայություններ` «Անհոգ հետք» կարգախոսի ներքո: Բացման հանդիսավոր արարողությանը կենտրոնի հիմնադիրն իր ձեռքերի «անհոգ հետքը» թողեց նորաստեղծ հաստատության պատին:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նորաբաց կենտրոնում շրջելուց հետո լրագրողների հետ կիսվեց տպավորություններով:«Հելիոս»-ն արդեն 10 տարի է` գործում է Հայաստանում, իրեն դրսևորելով փայլուն կերպով, ներդնելով նոր մշակույթ, նոր մոտեցում, նոր տեխնոլոգիա: Այդ ամենը մեծ ազդեցություն ունեցավ մեր կանանց գեղեցիկ տեսքը պահպանելու հարցում: Այսօր էլ փորձել են հասկանալ ոտնափաթի հետ կապված խնդիրները և, ընդլայնելով իրենց ծառայությունները, օգտակար գործ են անում այդ խնդիրն ունեցող մարդկանց համար` կին, թե տղամարդ»,-ասաց նախարարը: Նա շնորհակալություն հայտնեց կենտրոնի հիմնադիր, բժիշկ Հելեն Ազարյանի սփյուռքահայ ամուսնուն` Ֆիլիպ Փաթաթանյանին, որ շռայլորեն ներդրումներ է կատարել ու քաղաքի սրտում գեղեցիկ ու գրավիչ կենտրոն է հիմնել: «Կենտրոնի մեծագույն առավելությունը նաև նրանում է, որ Հելեն Ազարյանը կարողացել է գիտնականներ ունենալ իր կողքին, ինչպիսին պրոֆեսոր Դանիելյանն է: Քանի որ միայն այս դեպքում կարող են արդյունքները գոհացուցիչ լինել: Ցանկանում եմ «Հելիոս»-ի ցանցը տարածում գտնի Հայաստանի տարբեր շրջաններում»,-ավելացրեց նախարարը:

Կենտրոնի հիմնադիր Հելեն Ազարյանի խոսքով` իրենց հիմնական նպատակն ուժերը միավորելն ու հայ հասարակությանը բարձրակարգ ծառայություններ մատուցելն է: Նա վստահեցրեց, որ կենտրոնը հավասարաչափ նախատեսված է և կանանց, և տղամարդկանց համար: «Գիտակցելով, որ հային պետք են ամուր ոտքեր, որոշեցինք ունենալ նաև կենտրոն, որի ուղղվածությունը կլինի ոտնաթաթերի ու եղունգների խնդիրների բուժումը»,-ասաց նա: Անդրադառնալով կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունների որակին` Հելեն Ազարյանն ընդգծեց, որ այնտեղ կիրառվում են գերմանական առաջատար տեխնոլոգիաներ, սարքավորումներ: «Նշեմ նաև ստերիլության մասին: Երբ գնում ենք ոտնաթաթի կամ եղունգի խնամքի, մեր մեջ միշտ էլ եղել է հիվանդություններով չվարակվելու վախը: Այդ հարցին ևս լուրջ ուշադրություն ենք դարձրել»,-նշեց զրուցակիցը:

Լինելով սփյուռքահայ գործարար, ով արդեն հաջողության որոշակի պատմություն է կերտել` Հելեն Ազարյանը խորհուրդ տվեց հետևել իր օրինակին ու ներդրումներ կատարել հայրենիքում: «Իհարկե,այդ խորհուրդը միշտ էլ եղել է իմ կողմից. եթե պետք է գործ հիմնադրել այլ տեղ, ինչու ոչ Հայաստանում: Սա է մերը, ինչքան էլ դրսում ներդնենք, դա չի դառնալու մերը, և չգիտենք` ինչ է մեզ սպասվում դրսում: Խորհուրդ կտամ մի քիչ համբերատար և ուժեղ լինել, գիտեմ, որ ամեն ինչ լավ է լինելու»,-հավելեց կին գործարարը:

«Հելիոս պոդոլոգիա» կենտրոնում մեկտեղվել են և պոդոլոգիական` բուժական, և էսթետիկ բաժինները: Կենտրոնի ծառայություններից կարող են օգտվել ինչպես աշխատանքի բերումով բարձրակրունկ կոշիկներ կրող կանայք ու նեղ կոշիկներով երկար ժամանակ անցկացնող տղամարդիկ, այնպես էլ՝ տարեցներն ու երեխաները, ում մոտ կարող են ի հայտ գալ տարիքային խնդիրներ:

Պրոֆեսոր, մաշկաբան Էդուարդ Դանիելյանն էլ նկատեց, որ հայաստանյան այս կենտրոնը ոչնչով չի զիջում արտասահմանյան բուժական ու էսթետիկ կենտրոններին, դեռ մի բան էլ ավելին` հայ մասնագետներն առավել հոգատար են ու բարեխիղճ: «Ուրախալի է, որ այս կենտրոնի հիմնադիր-տնօրենը` բժիշկ Հելեն Ազարյանը, ունենալով մեծ ցանկություն Հայաստանում օգտակար գործ կատարելու և ունենալով նյութական հնարավորություններ, մեկը մյուսի հետևից երրորդ օջախն է բացում Երևանում»,-ասաց նա: Պրոֆեսորը հիշեցրեց, որ մաշկավեներաբանությունը բժշկական այլ մասնագիտացումների հիմքն է, իսկ արդեն 2021 թվականին կլրանա մասնագիտության 100-ամյակը:

«Հելիոս պոդոլոգիա» կենտրոնի ավագ մասնագետ, պոդոլոգ Ռուզաննա Սարգսյանը ներկայացրեց կենտրոնի ծառայություններից օգտվելու ընթացակարգը: Նրա խոսքով` անհրաժեշտ է նախապես գրանցվել, որից հետո այցելելով կենտրոն առաջնահերթ կատարվում է ախտորոշում, վերցվում են նմուշներ, ուղարկվում հետազոտություն: «Անալիզները պատրաստ լինելուց հետո որոշվում է խնդիրն ու կատարվում բուժում: Այն ամբողջությամբ իրականացվում է այս կենտրոնում: Ունենք նաև էսթետիկ բաժանմունք, որն արդեն իր նպատակին ծառայում է խնդիրը վերացնելուց հետո: Կենտրոնի բժշկական ծառայություններն ուղղված են ոտնաթաթի ներաճած եղունգների, սնկային ախտորոշումով եղունգների խնդիրների, կրունկների ճաքերի, գորտնուկների, մաշկի կոշտուկների վերացմանը: Այստեղ հրաժեշտ կտաք նաև ձեռքերի մաշկի և եղունգների հետ կապված խնդիրներին»,-ասաց Ռուզաննա Սարգսյանը:

Նա վստահեցրեց, որ ծառայությունները բավական մատչելի են: «Ծառայությունները սկսվում են 1500, 2000, 3000 դրամից ու, կախված խնդիրների բարդությունից, գները, բնականաբար, աճում են»,-հայտնեց ավագ մասնագետը:

Էսթետիկ ծառայություններն էլ ներառում են էսթետիկ պեդիկյուր, ՍՊԱ պեդիկյուր, ապարատային պեդիկյուր, ապարատային մանիկյուր, ոչ ապարատային մանիկյուր, ՍՊԱ մանիկյուր: Բոլոր աշխատանքները տարվում են հանրահայտ ամերիկյան Jessica ապրանքանիշի նյութերով` ոչ միայն ՍՊԱ ծառայությունների համար, այլ էսթետիկ մանիկյուր-պեդիկյուրի: Բոլոր նյութերն ունեն բուժական ուղղվածություն եւ անգամ էսթետիկ պրոցեդուրաներն ուղղված են վերականգնելու եւ խնամելու բնական եղունգներն ու մաշկը:

Մեծ հնարավորություն է ընձեռվում հաճախորդին ձեռք բերելու Jessica ապրանքանիշի բոլոր պարագաները, այն ավելի լայնորեն ներկայացվում են, քանի որ «Հելիոս» բժշկական կենտրոնը Jessica-ի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: Կենտրոնում լայնորեն կիրառվում է նաև բժշական ուղղվածություն ունեցող Gehwol ընկերության տեսականին:

Հայերեն العربية English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա