Հասարակական

Հայաստանում նշվելու է Յոգայի միջազգային օրը

2 րոպեի ընթերցում

Հայաստանում նշվելու է Յոգայի միջազգային օրը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի բազմաթիվ երկրներում հունիսի 21-ին կնշվի Յոգայի միջազգային օրը: Հայաստանում այն նշվելու է արդեն երկրորդ անգամ և դրա հետ կապված կազմակերպվելու են մի շարք միջոցառումներ. լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտնեց ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Յոգեշվար Սանգվան:

«Մեր երկրում Հնդկաստանի դեսպանատան ակտիվ աշխատանքների շնորհիվ է հնարավոր դառնում տեսնել, թե ինչքան գեղեցիկ և օգտակար երևույթ է յոգան: Յոգան ՄԱԿ-ի կողմից ճանաչվել է որպես մարդու կյանքի կարևորագույն բաղադրիչներից մեկը: Յոգան հնագույն պատմություն ունեցող երևույթ է, որի կարևորագույն նպատակը ներդաշնակության հասնելն է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ ՝ասաց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստոֆ Բիերվիրթի խոսքով՝ ՄԱԿ-ի կողմից Յոգայի միջազգային օր սահմանելուն նպաստել է այն հանգամանքը, որ յոգան շատ օգտակար է և դրա տարածումը ընդլայնվում է: Յոգան մարդուն հնարավորություն է տալիս հասնելու ներդաշնակության շրջապատի հետ, և օրեցօր ավելի շատ մարդիկ են հետաքրքրվում յոգայով: Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը, յոգան բժշկական տեսանկյունից դիտարկելով, նշեց. «Յոգան և՛ մշակույթ է, և՛ ֆիզիկական մարմնամարզության տեսակ: Յոգայում ամեն ինչ արվում է շնչառական ֆունկցիան հսկողության տակ վերցնելով, դրա միջոցով մարդը հասնում է հավասարակշռության և հարմոնիայի: Յոգան հոգեֆիզիկական տեսանկյունից կարող է շատ օգտակար լինել»: Նարիմանյանը նաև հավելեց, որ ներկայումս Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են շուրջ 900 հնդիկ ուսանողներ, և նրանք ևս կմասնակցեն Յոգայի միջազգային օրը կայանալիք միջոցառումներին:

Հունիսի 21-ը հռչակվել է Յոգայի միջազգային օր ՄԱԿ-ի կողմից 2014 թվականին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում