Պետք է Բունդեսթագում շրջանառել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ. Արմեն Մարուքյան
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետք է անհապաղ նախաձեռնել Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ շրջանառության մեջ դնելու գործընթաց:
Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը:
«Արդյունքը պետք է զարգացնել: Մենք անմիջապես պետք է նախաձեռնենք Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը շրջանառության մեջ դնելու գործընթաց: Ինչպես ասում են, երկաթը պետք է տաք-տաք ծեծել: Քանի դեռ տրամադրվածություն կա, լարվածությունը մեծացել է գերմանա-թուրքական հարաբերություններում, ամենակարճ ժամկետում պետք է օգուտ ստանալ»,-ասաց Արմեն Մարուքյանը: Նրա խոսքով, դա շատ տրամաբանական քայլ կլինի: Եթե Գերմանիան համարում է, որ ցեղասպանություն է, ուրեմն պետք է քրեականացվի ժխտումը, ինչպես դա արվել է Հոլոսքոստի դեպքում: Արդեն 4 պետություն նման օրենք ընդունել է, սկզբում նախատեսված է վարչական տուգանք, կրկնվելու դեպքում` քրեական պատասխանտավություն:
«Սա շատ կարևոր է Գերմանիայի դեպքում, որովհետև 3-3.5 մլն թուրք բնակչություն ունեցող երկրում հարկավոր է ընդունել այդ օրենքը: Գերմանիայի թուրքերը հաճախ Թուրիայի դրդմամբ ժխտում են Հայոց ցեղասպանության ճանաչումը: Այս գործընթացը պետք է նախաձեռնվի մեր կողմից ու փաստաթուղթը հասցվի այն պատգամավորներին, ովքեր կողմ են քվեարկել ճանաչմանը»,-ասաց Արմեն Մարուքյանը: Ըստ նրա, եթե այս պահը չօգտագոծվի, գործընթացը կսառեցվի, ինչպես դա տեղի ունեցավ Ռուսաստանի դեպքում: