Տարածաշրջանային

Քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի գործն ուղարկվել է ՄԻԵԴ

4 րոպեի ընթերցում

Քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի գործն ուղարկվել է ՄԻԵԴ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում բնակվող քրդերի իրավունքների պաշտպանության համար պայքար տանող Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ցմահ ազատազրկման մասին դատական գործն ուղարկվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի քննությանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական DemokratHaber լրատվական կայքը, գործը ՄԻԵԴ են ուղարկել Օջալանի փաստաբանները` նշելով, որ նրա ցմահ դատապարտելու վճիռը բողոքարկելու բոլոր հնբարավորությունները Թուրքիայում սպառվել են:

Օջալանի փաստաբաններից մեկը՝ Ջենգիզ Յուրեքլին կայքին հայտնել է, որ Թուրքիայի սահմանադրական դատարանը եւս մերժել է 1999 թվականին նրա դատավարությունը բազմաթիվ խախտումներով անցկացված լինելու հիմնավորմամբ այն վերանայելու պահանջով հայցը:

«2003 թվականից սկսած` թուրքական արդարադատության բոլոր ատյանները մերժել են Օջալանին դատապարտելու գործը վերանայելու հայցերը: Այդ պատճառով 2016 թվականի հունիսի 6-ին մենք դիմեցինք ՄԻԵԴ՝ Օջալանի դատը երկրորդ անգամ անելու համար», -ասել է փաստաբանը:

Նրա խոսքով` 1999 թվականին Աբդուլլահ Օջալանի դատավարությունն ընթացել է գործող օրեսնդրությանը հակառակ:

«Օջալանը կալանքի տակ պահվել է պահանջվածից ավելի, ինչի պատճառով փակուղում են հայտնվել բողոքարկելու բոլոր իրավական ճանապարհները, այդ ընթացքում խոչընդոտվել է փաստաբանների հետ նրա հանդիպումը, փաստաբաններին եւ նրան թույլ չի տրվել ծանոթանալ դատական գործին: Բացի այդ, նրա դատավարությունն ապօրինի կերպով անցկացվել է ռազմական դատարանում, որպեսզի բացառվի փաստաբանների որեւէ մասնակցություն: Այդ պատճառով մենք միջազգային դատարանից պահանջում ենք վերանայել նրա դատավճիռը», -հայտնել է Ջենգիզ Յուրեքլին:

Փաստաբանի խոսքով` Աբդուլլահ Օջալանին կրկին դատելու մասին իրենց պահանջը Թուրքիայի սահմանադրական դատարանի կողմից մերժվելը քաղաքական որոշում է:

Թուրքիայի Իմրալի բանտում ցմահ ազատազրկման պատիժ կրող PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի նկատմամբ թուրքական իշխանությունների ճնշումները շարունակվում են այսօր եւս:

Թուրքական Evrensel թերթի կայքն ավելի վաղ հայտնել էր, որ բանտի ղեկավարությունը փաստաբաններին արգելել է հանձնել նրա իսկ կողմից ավելի վաղ գրված 4 գրքերը` պատճառաբանելով, որ այնտեղ PKK-ի «քարոզչություն» է արվում:

« Օջալանի՝ ավելի վաղ հրապարակված «Համառում սոցիալիզմի մեջ», «Քրդական սեր», «Ինչպես պետք է ապրել» եւ «Փաստի լեզուն եւ գործողությունը» գրքերը ցանկացել են բանտում նրան հանձնել վերջինիս փաստաբանները, սակայն, բանտի ղեկավարությունը որոշել է, որ այնտեղ «ահաբեկչական կազմակերպության քարոզչություն» է արվում եւ փաստաբաններին արգելել է Օջալանին հանձնել նրա իսկ գրած գրքերը», -գրել է կայքը:

PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանին ԱՄՆ-ի հետախուզությունը 1999 թվականի փետրվարի 19-ին ձերբակալել էր Քենիայում եւ հանձնել թուրքական կողմին, որը նրան ցմահ բանտարկության է ենթարկել Մարմարա ծովի Իմրալի բանտում:

1980-ականներից PKK-ի սկսած զինված պայքարի արդյունքում Թուրքիայի զինված ուժերի հետ բախումներում մոտ 50 հազար մարդ է զոհվել, իսկ Թուրքիայի տնտեսությունը տասնյակ միլիարդ դոլարների վնաս է կրել:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում