Միջազգային

Ամալ Քլունին կներկայացնի ԻՊ-ից տուժած Նադիա Մուրադի և ցեղասպանված եզդիների շահերը

2 րոպեի ընթերցում

 Ամալ Քլունին կներկայացնի ԻՊ-ից տուժած Նադիա Մուրադի և ցեղասպանված եզդիների շահերը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրավաբան, դերասան Ջորջ Քլունիի կինը` Ամալ Քլունին, կներկայացնի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից տուժած, Նոբելյան մրցանակի առաջադրված Նադիա Մուրադի ու ցեղասպանության ենթարկված եզդիների շահերը: Վկայակոչելով «New York times»-ը` գրում է «Արմենպրես»-ը: «Եվրախորհրդարանը, ԵԽ Խորհրդարանական վեհաժողովը, ԱՄՆ կառավարությունը, Մեծ Բրիտանիայի համայնքների պալատը ճանաչել են եզդիների ցեղասպանությունը, որն իրագործել են ԻՊ ահաբեկիչները հյուսիսային Իրաքում: Ինչպե՞ս է լինում, որ մարդկությանը հայտնի լրջագույն հանցագործությունները մեր աչքի առաջ կատարվում են, սակայն չեն հետապնդվում Հաագայի Միջազգային դատարանի կողմից»,-ասել է Ամալ Քլունին «Կանայք աշխարհում» գագաթնաժողովին ուղղված հայտարարության մեջ:

Քլունին, ով մասնագիտացած է միջազգային իրավունքի ու մարդու իրավունքների պաշտպանության մեջ, կպայքարի, որպեսզի Իրաքում ԻՊ-ի ներկայացուցիչները պատասխանատվության ենթարկվեն եզդի աղջիկների ու կանանց ցեղասպանության, սեռական շահագործման համար:

Նադիա Մուրադն առևանգվել է ԻՊ-ի կողմից՝ հազարավոր այլ աղջիկների և կանանց հետ միասին, երբ 2014-ին օգոստոսին գերազանցապես եզդիաբնակ Շինգալ քաղաքն ընկել է ԻՊ-ի իշխանության տակ: Նրան հաջողվել է փախչել գերությունից և ճամփորդել աշխարհով մեկ՝ եզդիական կրոնական փոքրամասնությունների նկատմամբ ԻՊ-ի կողմից իրականացված վայրագությունների վրա լույս սփռելու նպատակով: Նա մասնակցել է Երևանում ապրիլի 23-ին կայացած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում