Պաշտոնական

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալական հեռագրեր է հղել Գերմանիայի Նախագահին, Կանցլերին և Բունդեսթագի նախագահին

2 րոպեի ընթերցում

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալական հեռագրեր է հղել Գերմանիայի Նախագահին, Կանցլերին և Բունդեսթագի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհակալական հեռագրեր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահ Յոախիմ Գաուկին, Կանցլեր Անգելա Մերկելին և Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտին՝ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,ՀՀ Նախագահը խորին շնորհակալություն է հայտնել նրանց և Գերմանիայի բոլոր այն քաղաքական և հասարակական ուժերին, որոնք իրենց վճռական խոսքն ասացին այս հարցում։ Նախագահ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ բանաձևն իր ուրույն դերը կունենա ցեղասպանությունների ճանաչման և կանխարգելման գործում։

«Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումն իսկապես պատմական քայլ էր. պատմական՝ ոչ միայն Հայաստանի և հայ ժողովրդի, Գերմանիայի և գերմանացի ժողովրդի, այլև ողջ քաղաքակիրթ աշխարհի համար։ Այն խորհրդանշում է ժողովրդավարության, համամարդկային արժեքների գերակայությունը և ընդգծում Գերմանիայի հետևողական դերն այդ արժեքների պահպանման գործում: Այն ուղերձ է ամբողջ աշխարհին առ այն, որ մարդկության դեմ գործված նույնիսկ հարյուրամյա վաղեմության հանցագործությունները ոչ միայն չեն մոռացվում, այլև դատապարտվում են՝ ճշգրիտ բնորոշմամբ»,-ասված է ՀՀ Նախագահի խոսքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում