Քաղաքականություն

Որքան Թուրքիան շատ է հոխորտում, այնքան մեծանում է Բունդեսթագի կողմից ցեղասպանության բանաձևի ընդունման հավանականությունը. Շավարշ Քոչարյան

2 րոպեի ընթերցում

Որքան Թուրքիան շատ է հոխորտում, այնքան մեծանում է Բունդեսթագի կողմից ցեղասպանության բանաձևի ընդունման  հավանականությունը. Շավարշ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Որքան Թուրքիան շատ է հոխորտում, այնքան ավելի մեծ է դառնում Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման հավանականությունը: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Հարցին՝ Գերմանիան ինչ է ցանկանում ասել բանաձևի քննարկմամբ և հնարավոր ընդունմամբ՝ Քոչարյանն ասաց, որ դա կերևա բանաձևի կետերից: «Նույն Թուրքիայում էլ կան թուրքեր, որոնք համարում են, որ ցեղասպանություն եղել է և պետք է ճանաչվի: Այնպես որ, այն հայտարարությունները, որ արվում են Թուրքիայի ղեկավարության կողմից, թե երեք միլիոնանոց թուրքական համայնք կա Գերմանիայում և այլն…ես համոզված չեմ, որ այդ երեք միլիոնը մտածում են այնպես, ինչպես թուրքական իշխանությունները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը:

Անդրադառնալով Թուրքիայի նորանշանակ վարչապետ Բինալի Յըդըրըմի հայտարարությանը, որ Թուրքիայում 1915-ին տեղի ունեցածը սովորական երևույթ է, Քոչարյանն ասաց, որ դա սովորական է Թուրքիայի համար և եթե Ադրբեջանին հաջողվեր որպես Օսմանյան կայսրության ցեղասպան քաղաքականության շարունակող նույնն իրականացնել Լեռնային Ղարաբաղում, իրենք կրկին կհայտարարեին, որ դա սովորական երևույթ է: «Բայց վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ իրենց այդ ձգտումները երբեք իրականություն չեն կարող դառնալ»,- ընդգծեց Քոչարյանը:

Հարցին, թե որքանո՞վ է թույլ Բունդեսթագում քննարկվող փաստաթուցթը՝ փոխարտգործնախարարն ասաց. «Չեմ կարծում, որ մենք պետք է քննադատենք այն պետություններին, որոնք ճանաչում են ցեղասպանությունը: Հակառակը, մենք պետք է աշխատենք, որ այն պետությունները, որոնք չեն ճանաչել, ճանաչեն այդ փաստը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում