Տարածաշրջանային

Թուրքիան Մերկելին վախեցրել է 3 միլիոն ընտրողի ձայնով. Յըլդըրըմի համար Ցեղասպանությունը «սովորական իրադարձություն» է

4 րոպեի ընթերցում

 Թուրքիան Մերկելին վախեցրել է 3 միլիոն ընտրողի ձայնով. Յըլդըրըմի համար Ցեղասպանությունը «սովորական իրադարձություն» է

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քաղաքական շրջանակները չեն դադարում հայտարարություններ անել Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քվեարկության առնչությամբ: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից հետո թեմային անդրադարձել է նոր վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ակոս» պարբերականը, արտասահմանյան առաջին` Հյուսիսային Կիպրոս կատարելիք այցից առաջ Յըլդըրըմը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Բունդեսթագում տեղի ունենալիք քվեարկությունն «անհեթեթություն է»:

«1915 թվականին Առաջին աշխարհամարտի պայմաններում տեղի ունեցածը ցանկացած երկրում տեղի ունեցած սովորական իրադարձություններից մեկն է»,- ասել է վարչապետը:

Նա կրկին առաջ է տարել թուրքական պաշտոնական թեզն այն մասին, թե «խնդիրը պետք է քննարկեն պատմաբանները, մինչդեռ հարցը քաղաքականացվել է»: Յըլդըրըմը նշել է, որ Բունդեսթագի քվարկությունը կարող է վնասել Գերմանիայի հետ հարաբերություններին: «Մեր նախագահը զանգահարել է Մերկելին և նրան փոխանցել մեր անհանգստությունն ու մտահոգությունները: Երբ Մերկելն ինձ զանգահարել էր և շնորհավորում էր վարչապետ նշանակվելուս կապակցությամբ, ես նրան փոխանցեցի բոլոր մանրամասները: Ես նրան ասացի, որ Գերմանիայում բնակվող երեք միլիոն թուրքերը Գերմանիան ու Թուրքիան միավորող ամենաուժեղ կապն են: Հուսով եմ, որ Գերմանիայում որոշումներ կայացնողներն ականջները չեն փակի երեք միլիոն ընտրողի ձայնին: Մենք չենք ցանկանում, որ նման որոշում ընդունվի: Իսկ եթե ընդունվի էլ, ոչինչ չի լինի: Մեզ համար դա դատարկ բան է»,- ասել է Յըլդըրըմը:

Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի նախագիծը կքննարկվի հունիսի 2-ին:

Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման շուրջ 2016 թվականի փետրվարի 25-ին ծավալված բուռն քննարկումները քվեարկության չհանգեցրին: Իշխող կոալիցիայի և բանաձևի ընդունումը նախաձեռնած «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության ներկայացուցիչների իրարամերժ դիրքորոշման ու գնահատականների արդյունքում որոշվեց բանաձևը հետ կանչել լրացուցիչ մշակման համար:

Գերմանիայի խորհրդարանը դեռևս 2005 թվականին ընդունել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջման, էթնիկ զտումների և աքսորի մասին բանաձև, որում սակայն նշված չի եղել «ցեղասպանություն» եզրույթը:

Գերմանիայի դիրքորոշման մեջ շրջադարձ տեղի ունեցավ 2015թ. ապրիլի 20-ին` ԳերմանիայիԴաշնության արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և կանցլեր Անգելա Մերկելի խոսնակ Շտեֆան Զայբերթի հայտարարություններից հետո: Իսկ Գերմանիայի Դաշնության նախագահ Յոահիմ Գաուկն ապրիլի 23-ին Բեռլինի Մայր տաճարում կայանացած Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանն իր ելույթում հայերի կոտորածները «ցեղասպանություն» է որակել: 2015 թվականի ապրիլի 24-ին Բունդեսթագում քննարկման դրվեց 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանությունը ճանաչող նոր բանաձև: Նիստը բացեց Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթը, ով 1915 թվականի Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած պատմական դեպքերն անվանեց ցեղասպանություն: Նիստի ընթացքում տարբեր կուսակցական խմբակցությունների ղեկավարներ ևս հայանպաստ հայտարարություններ արեցին՝ ընդունելով կատարվածը:Սակայն բանաձևի քվերակությունը հետաձգվեց անորոշ ժամանակով:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում