Հայոց ցեղասպանություն

Գերմանիայում չեն ցանկանում, որ Էրդողանի նման բռնապետը ճնշում գործադրի իրենց վրա. Բունդեսթագի պատգամավոր

3 րոպեի ընթերցում

Գերմանիայում չեն ցանկանում, որ Էրդողանի նման բռնապետը ճնշում գործադրի իրենց վրա. Բունդեսթագի պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Ձախ կուսակցության անդամը վստահ է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը կընդունվի Բունդեսթագի կողմից: Նրա խոսքով` թե հասարակական, թե պատգամավորների մակարդակում շատ են քննադատությունները վարչապետ Մերկելի քաղաքականության նկատմամբ, ովքեր կարծում են, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի նման բռնապետին չպետք է թույլ տալ ճնշում գործադրել իրենց վրա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Բունդեսթագի պատգամավոր Ուլլա Յելփքեն: Նա նշեց, որ իրենց Հայաստան է բերել երկու պատճառ` Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի հարցերն ու Լեռնային Ղարաբաղ այցելելու և խնդրին տեղում ծանոթանալու նպատակը: «Երկար տարիների պայքարից հետո, որի մեջ ակտիվորեն ներգրավված է իմ կուսակցությունը, վերջապես հունիսի 2-ին Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև պետք է ընդունվի, և իրերն իրենց անուններով կոչվեն` ցեղասպանություն: Ըստ էության` դա պետք է վաղուց տեղի ունենար, բայց ամեն դեպքում դա լինելու է այս օրերին»,-ասաց Բունդեսթագի պատգամավորը: Յելփքեն նկատեց, որ իրենք առաջարկել են ու աշխատանք են տանում, որպեսզի բանաձևում ներգրավվի Գերմանիայի մասնակցության ու պատասխանատվության հարցը: «Մենք ցանկանում ենք մեր հասարակության գիտակցությանը հասցնել գաղափարը, որ Գերմանիան, Թուրքիայի այն ժամանակվա զինակից լինելով, բազմաթիվ զինվորներ ու գեներալներ է ուղարկել այնտեղ, ովքեր թուրքերի հետ մասնակցել են շատ գործողությունների»,-հավելեց պատգամավորը:

Նրա դիտարկմամբ` Գերմանիան անընդհատ զգուշանում է Էրդողանից, և իրենք հիմքեր ունեն մտածելու, որ այս անգամ էլ փափուկ ձևակերպում կլինի բանաձևում, որպեսզի գործընկերոջը չզայրացնեն, սակայն բանաձևի ճանաչումն ինքնին կարևոր քայլ է համարում հաջորդիվ գործողությունների տեսանկյունից: Ուլլա Յելփքեն հավելեց, որ իրենք աշխատելու են դասագրքերում Հայոց ցեղասպանության թեմայի ներառման ու հարցի շուրջ հասարակության իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրին, ապա, պատգամավորի խոսքով, իրենք մեծ անհանգստությամբ են հետևում բռնկումներին: «Անհանգստացած ենք, որ Էրդողանը առաջիններից էր, որ ապրիլյան առաջին օրերին հայտարարություններ արեց, բայց ոչ թե բռնկումը հանդարտեցնելու, այլ Ադրբեջանին ոգեշնչելու համար: Մենք գտնում ենք, որ խնդիրը չունի ռազմական լուծում, այն պետք է խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծվի, ինչն այսօր քննարկվում է»,-ասաց Ուլլա Յելփքեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում