Յուրի Խաչատուրովը մասնակցել է ԳՇ պետերի մակարդակով ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի հանդիպմանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մայիսի 18-ին մասնակցել է գլխավոր շտաբերի պետերի մակարդակով Հուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի հանդիպմանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում անցկացվել է երկու նիստ` Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը, ինչպես նաև «Փոխգործունակության հարթակ» նախաձեռնությանը ներգրավված պետությունների ձևաչափերով:
«Վճռական աջակցություն» ձևաչափով նիստը նվիրված էր Աֆղանստանում կոալիցիոն երկրների ռազմական հանձնառությունների շուրջ կարծիքների փոխանակմանը և պլանավորման ուղենիշների համաձայնեցմանը:
«Փոխգործունակության հարթակ» ձևաչափով նիստի ժամանակ քննարկվեցին ՆԱՏՕ-ի և գործընկեր պետությունների միջև օպերատիվ համատեղելիության զարգացմանը և միջազգային կայունության ամրապնդմանն առնչվող հարցեր: