ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը դրական ազդեցություն է թողնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի վրա: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Հանդիպումն օգտակար էր և լավատեսություն ներշնչող: Կարևորում ենք Վիեննայում կայացած հանդիպումը Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո: Բանակցային գործընթացը կոմայի մեջ է ընկել, և այս հանդիպումն այն վերակենդանացնելու առաջին փորձն էր»,- նշեց Բաբայանը:
Նրա խոսքով՝ հանդիպման մասնակիցների հայտարարությունները, բարձրաստիճան դիվանագետների ամփոփիչ մեկնաբանությունները թույլ են տալիս ենթադրել, որ դրական ազդակներ կան:
Դավիթ Բաբայանը հավելել է, որ զինադադարը խստորեն պահպանելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կոչերը նշանակում են, որ միջազգային հանրության համար անընդունելի են գործողությունները, որոնք խախտում են ձեռք բերված պայմանավորվածությունները և միտված են ռազմաքաղաքական բալանսի փոփոխությանը: «Այդ փաստաթղթերը ստորագրել է նաև Լեռնային Ղարաբաղը: Այդ փաստաթղթերի վրա հղում կատարելը նշանակում է, որ միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղը ճանաչում է որպես կողմ և ընդունում է, որ Ղարաբաղը պետք է անհապաղ մասնակցություն ունենա գործող պայմանավորվածությունների իրագործմանը, ինչպես նաև այն պայմանավորվածություններին, որոնց վերաբերյալ համաձայնություններ կլինեն»,- ասաց Բաբայանը:
Նա կարևորեց նաև շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը: «Առանց դրա անհնար է առաջ շարժվել: Մեխանիզմները հնարավորություն կտան ֆիքսել հրադադարի խախտումները՝ որտեղից են դրանք եղել, երբ են եղել ու որ կողմն է մեղավոր»,- ընդգծեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը:
Միևնույն ժամանակ, Դավիթ Բաբայանը նկատեց, որ շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրման գործընթացը չի կարող արագ լինել: Նրա խոսքով՝ որ այդ մեխանիզմները ներդնելու համար երկար ժամանակ է պետք: «Միանշանակ է, որ այդ գործընթացը չի կարող իրականացվել առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անմիջական մասնակցության: Հետաքննության մեխանիզմների մշակման և ներդրման աշխատանքները բաղկացած են շատ փուլերից, որոնցում ներգրավված են լինելու Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի մի շարք կառույցներ»,- հավելեց Բաբայանը:
Ստեփանակերտում, սակայն, վստահ չեն, որ Ադրբեջանը կսատարի այդ գործընթացի իրականացմանը: «Պետք չէ լրացուցիչ լավատեսությամբ լցվել: Ադրբեջանը, եթե նույնիսկ պաշտոնական մակարդակով սատարի, պրակտիկորեն դեմ է արտահայտվելու: Դրա վառ վկայությունը Վիեննայում նախագահների հանդիպման ժամանակ հակառակորդի կողմից ինտենսիվ կրակոցներն են, որոնց արդյունքում մեր զինված ուժերի զինծառայող է զոհվել»,- եզրափակեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը: