Թուրքիան Դաքայից հետ է կանչել իր դեսպանին ցեղասպան առաջնորդի մահապատժից հետո
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան Բանգլադեշից հետ է կանչել իր դեսպան Դեվրիմ Օզթյուրքին այդ երկրում ցեղասպանության մեջ մեղադրվող իսլամիստ առաջնորդ, 73-ամյա Մոթիուր Ռահման Նիզամիին մահապատժի ենթարկելու պատճառով:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հուրիեթ» թերթը` նշելով, որ թուրք դեսպանն այսօր կժամանի Անկարա:
Մինչ ազգայնական եւ ծայրահեղ կրոնական գործողություններով հայտնի իսլամիստ առաջնորդ Նիզամիի մահապատիժը, Թուրքիան սերտ հարաբերությունների մեջ գտնվող Բանգլադեշի կառավարությանը բազմիցս հորդորել էր չգնալ նման քայլի, սակայն, նրա մահապատժից հետո դեսպանին հետ է կանչել խորհրդատվությունների համար:
Բանգլադեշի խոշորագույն Իսլամական կուսակցության առաջնորդ Նիզամին 1971 թվականին Պակիստանի անկախության պատերազմի ժամանակ միացել էր այդ երկրի ազգայնականներին եւ մեղադրվել ցեղասպանություն ու պատերազմական հանցագործություններ իրականացնելու մեջ: Ապացուցվել էր, որ մարդկության դեմ երեք տարբեր հանցանքներ գործելու մեջ մեղավոր ճանաչված Նիզամին առանցքային դեր է կատարել 480 մարդու սպանության մեջ: Նա մահապատժի է դատապարտվել Բանգլադեշի կառավարության կողմից ստեղծված հատուկ դատարանի կողմից:
Հնդկաստանից 1947 թվականին անջատված եւ անկախություն հայտարարծ Պակիստանում 1971 թվականին երկրի արեւմտյան եւ արեւելյան հատվածների միջեւ ներքին պատերազմ էր բռնկվել, որն ավարտվել է Պակիստանի արեւելքում անկախ Բանգլադեշ պետության ստեղծմամբ: