«ԴիջիԹեք» ամենամյա բիզնես ֆորումի առանցքում Հայաստանի ռազմարդյունաբերության զարգացումն է լինելու
4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իններորդ ամենամյա «ԴիջիԹեք» բիզնես ֆորումը, որը կրում է «Խելացի լուծումներ խելացի բիզնեսի համար» խորագիրը, կկենտրոնանա Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի զարգացման վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ինչպես լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրին միջոցառման կազմակերպիչները, այս տարվա ֆորումին ակնկալվում է 70 կազմակերպությունների մասնակցություն:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանի խոսքով` տարին սկսվել է հագեցած միջոցառումներով, որոնցից մեկն էլ բիզնես ֆորումի անցկացումն է, որը հնարավորություն է տալիս ոլորտի կազմակերպություններին, տնտեսության տարբեր ճյուղերում գործունեություն վարող սուբյեկտներին տեղեկանալ տեխնոլոգիական նորարարություններին, նոր միտումներին, որոնք կարելի է կիրառել տնտեսության տարբեր ճյուղերում: «Բիզնես ֆորումի շրջանակներում կծավալվեն քննարկումներ Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի զարգացման շուրջ` շահագրիգիռ պետական գերատեսչությունների և կազմակերպությունների, ինչպես նաև ՏՏ լուծումներ առաջարկող մի շարք ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: ՀՀ գործարար աշխարհն ու պետական կառույցները քննարկումներ կանցկացնեն նաև ՏՏ ներդրումային էկոհամակարգերի, նոր սերնդի բանկային համակարգի, էլեկտրոնային կառավարման, կիբեր անվտանգության և այլ արդիական թեմաների շուրջ»,-ասաց Էմիլ Տարասյանը: Նա շեշտեց, որ միջոցառումն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Երկօրյա ֆորումի ընթացքում կլինի նաև Եվրոպական գործարարների և Հայ-գերմանական բիզնես ֆորում:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ընդգծեց, որ «ԴիջիԹեք» բիզնես ֆորումի նպատակը բիզնեսում ու կառավարության կողմից տեխնոլոգիաների կիրառման խթանումն է: «Ավանդաբար երեք ձևաչափով ենք իրականացնում միջոցառումը. լինում են ցուցահանդեսային մաս, պրոբլեմային քննարկումներ ու տեխնոլոգիաների ներկայացումներ: Այս տարի ցուցահանդեսային մաս չի լինի, հետևաբար, մյուս երկու ձևաչափերով կանցկացվի: Բացի այդ` այս տարի հիմնական շեշտադրումը ռազմարդյունաբերական թեմաների վրա է»,-հավելեց բանախոսը: Նա նկատեց, որ այս տարվա «ԴիջիԹեք» բիզնես ֆորումին լուրջ միջազգային մասնակցություն կա, ինչը խոսում է ֆորումի զարգացման մասին: Կարեն Վարդանյանի դիտարկմամբ` ռազմարդյունաբերական համալիրի զարգացման վերաբերյալ հարցերն արդեն քննարկում են պաշտպանության նախարարի հրամանով ձևավորված աշխատանքային խմբի շրջանակներում` առանցքում ունենալով կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հարցերի հստակեցում:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանն էլ հույս հայտնեց, որ ֆորումի ժամանակ քննարկումները կնպաստեն կարճաժամկետ լուծումների դուրս բերմանը, որոնք կարող են կիրառվել բանակում:
«ԴիջիԹեք» բիզնես ֆորումը կանցկացվի հունիսի 17-18-ն «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում: